Ադրբեջանում ցուցարարների հետ բախման ժամանակ երկու ոստիկանի են սպանել

Սպանություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է, նրանց հետախուզում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի պաշտպանությանն ուղղված ակցիա է անցկացվել, որի ժամանակ 2 ոստիկան է սպանվել։

«Ադրբեջանը հաղթել է իշխանության պահպանման հարցում». Ալիևի չփոխվող «երգացանկը»

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ակցիային մասնակցած 150-200 ցուցարարները ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ են։

«Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, և ցուցարարների հետ բախում է տեղի ունեցել, և այդ ժամանակ ել սպանել են ոստիկաններին։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանները մահացել են կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից:

Մահացած ոստիկաններն են Գյանջա քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևը և Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովը:

Յունիս Սաֆարովը հուլիսի 3-ի երեկոյան Գյանջայի քաղաքապետարանի դիմաց կրակել էր քաղաքապետի և նրա թիկնապահի ուղղությամբ, նրանց տեղափոխվել էին հիվանդանոց: Սաֆարովը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ:

Ադրբեջանում ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձինք գտնվում են հետախուզման մեջ: Ադրբեջանի դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն՝ սպանություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է, սակայն նրանք դեռևս գտնվում են փախուստի մեջ:

Ոստիկանների սպանության մեջ կասկածվում են Ադրբեջանի քաղաքացիներ, նախկինում դատապարտված Հասիմ Ֆարուխ Խագանիօղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլիօղլուն: