«Ծառուկյանը», «Ելքը» և Դաշնակցությունը խորհրդարանում «թարմ արյուն» են ուզում. ՀՀԿ–ն դեմ է

Քննարկվում է խորհրդարան մտնելու շեմը իջեցնելու առաջարկը, որպեսզի ավելի շատ կուսակցություններ ներկայացված լինեն Ազգային ժողովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Ընտրություններում խորհրդարան մտնելու անցողիկ շեմը պետք է նվազեցնել։ Այդ մասին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը` հինգշաբթի ելույթ ունենալով ընտրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներում։

«Խաղի կանոններ» ԶԼՄ–ների համար. Հայաստանում քննարկում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումը

Քննարկումներ են տեղի ունենում նաև Հայաստանի խորհրդարանում և կառավարությունում։ Խորհրդարանում դրանց մասնակցում է յուրաքանչյուր խորհրդարանական ուժից երեքական ներկայացուցիչ։

Հնարավոր է` ավելի լավ լինի, եթե կուսակցությունները կարողանան խորհրդարան մտնել ձայների ոչ թե 5 տոկոսով, այլ 4, իսկ կուսակցությունների դաշինքները` ոչ թե 7 տոկոսով, այլ 6։ Դա կօգնի նոր կուսակցություններին անցնել խորհրդարան, և նրանց  ձայներն ավելի լսելի կլինեն։

Դրա հետ համաձայն է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Այդպես ձայներն ավելի քիչ կփոշիանան, կարծում է նա։

Նախկին նախարարի «հարձակողական» կարմիր շապիկն ու Արփինեի կեդերը. ԱԺ–ում ՀՀԿ–ի «դրես կոդը»

«Ասենք, եթե կուսակցության համար քվեարկել է 3 տոկոս, ապա այդ ձայները կորում են։ Ավելի ճիշտ, գնում են այն ուժերի օգտին, որոնք անցել են խորհրդարան։ Սա սխալ է։ Իհարկե, չի կարելի անվերջ իջեցնել, բայց պետք է նվազեցնել թեկուզ մինչև 3 տոկոս։ Թող նման կուսակցությունն ընտրվելու հնարավորություն ունենա և կարողանա թեկուզ 3–հոգանոց խմբակցություն ձևավորել», – ասաց Ռուստամյանը։

Դրա հետ համաձայն չէ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

«Եթե մեզ մոտ խորհրդարանական հանրապետություն է, նշանակում է` քաղաքական կուսակցություններն ավելի շատ լծակներ, բայց նաև ավելի շատ պատասխանատվություն պետք է ունենան։ Խորհրդարանում պետք է լինեն միայն կայացած քաղաքական ուժեր, որոնք վայելում են բնակչության լայն զանգվածի աջակցությունը», – հայտարարեց նա։

Բարդ է նման բան ասել կուսակցությունների մասին, որոնք հավաքել են 3-4 տոկոս ձայն։ Բացի այդ, խորհրդարանում նրանք ոչինչ չեն կարող որոշել և պետք է ձևավորեն կոալիցիաներ։

Իսկ 7-8 փոքր խմբակցություններից բաղկացած կոալիցիան ավելի փխրուն է, քան երկու–երեք խոշոր խմբակցություններից, հիմնավորեց իր տեսակետը Հարությունյանը։

Այս կետի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն։

Նշենք, որ հիմա խորհրդարանում ներկայացված են չորս ուժեր. ՀՀԿ–ն (ընտրվելու պահին 58 մանդատը, հիմա` 52), Ծառուկյանը (31), «Ելքը» (9) և ՀՅ Դաշնակցությունը (7)։