11 տարվա գործը վերաբացվել է. գլխավոր դերերում Սերժ Սարգսյանի եղբորորդիներն են

Տուժողն ասել է, որ Սարգսյաններն իրեն սպառնացել են ու ասել` երկար չես ապրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված` 2007թ.-ի գործով նոր նախաքննություն կիրականացվի։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է տնից

2007 թ-ի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25-ամյա Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել, մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ տուժողը բողոք չէր ներկայացրել։

11 տարի անց` 2018 թ-ի հունիսի 29-ին, Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել էր ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. լուսանկարներ

Նա վիճաբանելիս է եղել ընկերոջ՝ Արթուր Ղևոնդյանի հետ, երբ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, կրակել իր վրա: Արթուր Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը և կատարվածի մասին տեղեկացել նրա եղբորը՝ Նարեկ Սարգսյանին։

Իսկ ոստիկաններին ասել է իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոդյանը, քանի որ Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ երևան եկած նոր հանգամանքների հիման վրա քրեական գործը վերաբացվել է և կիրականացվի նոր նախաքննություն` սպանության փորձի մեղադրանքով։

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

Նշենք, որ այս պահին ՀՀ ԱԱԾ-ն քննչական օպերատիվ գործողություններ է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի` Թումանյան փողոցում գտնվող տանը։

Թե որքանով է այս գործողությունն առնչվում 11 տարի առաջ կատարված հանցագործությանը, իրավապահները չեն մեկնաբանում։