Օրվա ամենալավ լուրը` ըստ Արայիկ Հարությունյանի. թանգարանում խնդիրը հանգուցալուծվում է

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի խորհուրդը նոր նախագահ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

Գույքի ասուդիտ Ցեղասպանության թանգարանում. ո՞ւմ են նշանակել Դեմոյանի փոխարեն

Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Օրակարգում եղել է 3 հարց. 1. ««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի և տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում

2. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն

3. տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու և տնօրենի պաշտոնակատարի նշանակման հարցեր:

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչպես է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը դարձել հիմնադրամ՝ վստահություն հայտնելով, որ թանգարան-ինստիտուտն իր արժանի տեղը կգրավի ՀՀ գիտական հաստատությունների շարքում:

Արայիկ Հարությունյանը պատասխանում է Դեմոյանի մեղադրանքներին. հակամարտությունը թեժանում է

Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի ընդունումից հետո խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռեյմոնդ Գևորգյանը, որը թեև Հայաստանում չէր, սակայն հաղորդագրության միջոցով տվել է իր համաձայնությունը:

Բաց քվեարկությամբ Ռեյմոնդ Գևորգյանը միաձայն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ քարտուղար:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստին որոշում է կայացվել նաև հիմնադրամի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարել: ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է տնօրենի պաշտոնակատար նշանակել հիմնադրամի գիտքարտուղար Նարինե Մարգարյանին՝ մինչև համապատասխան ընթացակարգով կհայտարարվի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ և հոգաբարձուների խորհուրդը կընտրի տնօրեն։

Ավելի քան տխուր լուր` Հայոց ցեղասպանության թանգարանի շենքի մասին

«Գևորգ Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԿԳ նախարարություն, և թանգարան-ինստիտուտը մնացել է առանց տնօրենի, ինչի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել՝ աշխատավարձեր, ֆինանսական փաստաթղթեր և այլն»,-հայտարարել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ վերջինս կպաշտոնավարի անցումային փուլում, քանի որ ըստ տնօրենի ընտրության կանոնակարգի՝ տնօրենի ընտրությունը կարող է կայանալ առնվազն 50 օր հետո։ Փոխնախարարի առաջարկը խորհրդի անդամները միաձայն ընդունել են:

Քիչ առաջ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում` այս լուրը գնահատելով, որպես «օրվա ամենալավ լուրը»։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: