ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Նախիջևանում ադրբեջանցիների գործողությունները կարելի է դիտարկել «խրամատային տրամաբանության» շրջանակում, ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կլոր սեղանի ընթացքում` նվիրված Նախիջևանում և Արցախում տիրող իրավիճակին։
«Ռազմական տեսանկյունից Նախիջևանում տեղի է ունենում այն, ինչ տեղի էր ունենում 10 տարի առաջ Տավուշի մարզում կամ 20 տարի առաջ Արցախում», – ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` դիրքամիջյան տարածքում կողմերը փորձեր են անում մոտեցնել «կղզյակ» դիրքերը, ավելի հարմար վայրում տեղադրել նորերը։
Նրա խոսքով` այս քայլերը կհանգեցնեն նրան, որ դիրքերը հասանելի կդառնան հրաձգային զենքով կրակելու համար, իսկ դա սրում է լարվածությունը։ Մյուս կողմից, զինծառայողների համար պաշտպանության գիծն ավելի կայուն և հասկանալի է դառնում։
«Նման գործողություններ իրականացնում է ոչ միայն հակառակորդը, հայկական կողմն այս ընթացքում «քնած» չի եղել։ Ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել` որտեղ և ինչպես։ Բայց հաղորդագրություններ, հրապարակումներ, տեղեկատվություն այն մասին, որ մենք ամրապնդել են մեր դիրքերը, եղել են դեռ մի քանի տարի առաջ», – ասաց Հովհաննիսյանը։
Սա գործընթաց է, որը կարելի է նորմալ համարել «խրամատային տրամաբանության» շրջանակում։ Մեկ այլ հարց է, թե ինչպես է դա ներկայացվում և մեկնաբանվում։
Ինչ վերաբերում է կոնկրետ Նախիջևանին, ապա հայ հասարակության պատկերացմամբ այդ սահմանը հանգիստ է համարվել, հազվադեպ են կրակել։ Վերջին տարիներին փոխհրաձգությունների ինտենսիվությունն ավելացել է։
«Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ իրավիճակը տեղավորվում է Ադրբեջանի ընդհանուր հռետորաբանության շրջանակում` ուղղված լարվածության ավելացմանը։ Ալիևի Նախիջևանից արված հայտարարությունները, առանձին համազորային բանակ ստեղծելը և մյուս քայլերը չեն կարող չազդել առաջնագծի վրա», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Լիովին հավանական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նպատակ է ունեցել բարձրացնել լարվածության մակարդակը, որպեսզի Նախիջևանում ուժեղացնի հակահայկական տրամադրությունները, որտեղ դրանք այդքան ուժեղ չեն եղել, որքան Ադրբեջանում, ենթադրեց Հովհաննիսյանը։