ԼՂ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է, մնացածը բեմադրություն էր

Բալայանը չի բացառում, որ այն ձևակերպումները, որոնք երեկ ողջ օրը տարածում և վայելում էին ադրբեջանական ԶԼՄ–ները, նախապես պատրաստած էին և հրամցրած այդ «փորձագետներին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Կարծում եք, որ Ադրբեջան այդ երկրի փողերով այցելած, շփման գծում եղած այսպես կոչված ռուս «փորձագետները» պետք է այլ բա՞ն ասեին։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով երեկ ադրբեջանական մամուլում հայտնված ռուս «փորձագետների» գնահատականին։

Արհամարհանք է համանախագահ երկրների նկատմամբ. Բալայանը` Ադրբեջանի գործողությունների մասին

«Պարզ է, որ այդ ամենը լավ մտածված բեմադրություն էր, որի նպատակը հենց այս հայտարարություններն էին։ Չեմ բացառում, որ այն ձևակերպումները, որոնք երեկ ողջ օրը տարածում և վայելում էին ադրբեջանական ԶԼՄ–ները, նախապես պատրաստած էին և հրամցրած այդ «փորձագետներին»»,–ասաց Բալայանը։

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է, այն պարբերաբար հաստատվում է բարձր մակարդակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում անցկացվել էր պարզունակ և հավակնոտ «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովը։ Համաժողովին ռուսական կողմից մասնավորապես մասնակցել էին «Միջազգային Եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն և ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն։ Նշված անձինք հանդես էին եկել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք հակահայկական հայտարարություններով։ Այնուհետև ռուսական պատվիրակությունն այցելել էր Արցախի հետ շփման գիծ` Ջոջուղ Մարջանլի գյուղ, բարձրացել Լելե Թեփե բարձունք, որն Ադրբեջանի վերահսկողություն տակ էր անցել 2016 թվականի քառօրյայից հետո։