Վարչապետի Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ, Ռուսաստանի գործարարներին ընդունելը և, իհարկե, Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումն անցկացնելու փաստը վկայում են այն մասին, որ երկկողմանի հարաբերությունները նոր փուլ են անցել։ Փաշինյանի Ռուսաստանի նախագահի հետ երկու աշխատանքային հանդիպումների արդյունքում խոսել է անկեղծ և ազնիվ հարաբերությունների մասին, որոնք արդեն հաստատվել են երկու առաջնորդների միջև, Պուտինը ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է, որ «Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն»։
Իհարկե, ցանկության դեպքում կարելի է մեջբերված խոսքերը դասել պարտադիր ձևակերպումների շարքում, որոնք կիրառվում են նման դեպքերում։ Բայց կարելի է փորձել կարդալ տողատակերը։ Այս դեպքում կհայտնվի լիովին առարկայական հագեցվածություն, հատկապես Հայաստանում վերջերս տեղի ունեցած բարդ իրադարձությունների հանդեպ Մոսկվայի չափազանց զգույշ, նույնիսկ կարելի է ասել հոգատար (տեղեկատվական առումով) վերաբերմունքի ֆոնին։ Ի դեպ, այդ իրադարձությունները դեռ հեռու են ավարտվելուց։
Նման իրադրությունում Ռուսաստանի գործարարների հետ հանդիպումը մեծ նշանակություն է ունեցել, որը կարելի է հեշտությամբ թերագնահատել, եթե դրան վերաբերվենք որպես ծրագրված միջոցառման։ Փաշինյանը կարևոր խոսքեր է ասել այն մասին, որ Հայաստանը ոչ թե բարեգործության կարիք ունի, այլ ներդրումների, որոնք կարող են զարգացնել բիզնեսը և արտադրությունը։ Այսինքն, եթե մի կողմ թողնենք հարկադրված դիվանագիտությունը, նա նկատի է ունեցել, որ Հայաստանին պետք է ոչ թե ողորմություն, այլ իրական փոխշահավետ բիզնես նախագծեր։
«Հույս ունենք, որ այս գործընթացի արդյունքում դեպի Հայաստան կհոսեն ներդրումներ: Մեր ընկալումը հետևյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը: Ընտրվելով վարչապետ՝ հանդիպում եմ ունեցել գործարար շրջանակների հետ և ասել, որ նրանք այլևս ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, դրանք ՀՀ-ում այլևս չեն գործելու, ինչը ևս մեկ ազդակ է ու խթան, որպեսզի գործարար դաշտը բարելավվի»,- ընդգծել է վարչապետը։
Հասկանալի է, որ գործարարները հենց այս վայրկյանին չեն նետվի Հայաստանում ներդրումներ անելու. ամեն դեպքում պետական անօրինականության մոտ 30 տարիները չէին կարող որոշակի զգոնություն չառաջացնել, և լուրջ ներդրողը կնախընտրի մի քիչ սպասել, տեսնել, իսկապես երկրում միտումներն ունեն իշխանության հայտարարած ուղղվածությունը։ Խնդիրն այդ սպասողական դիրքորոշման ժամկետն առավելագույն կերպով կրճատելն է։
Այդպիսի սկզբնական զգուշությունը լիովին բնական է և հասկանալի նաև միջպետական հարաբերություններում։ Նոր հայկական իշխանությունը պետք է ուսումնասիրել, մեզանից քչերն են գրկաբաց նետվում նրա մոտ, ում հետ առաջին անգամ են ծանոթանում։ Եվ Պուտինի խոսքերը երկու երկրների միջև «բովանդակալից երկխոսություն» հաստատելու մասին, ավելի շուտ, վերաբերվում են նոր ժամանակներին, քան փոխհարաբերությունների նախորդ շրջանին։
Այս ֆոնին վշտացնում են արտահայտությունները, որոնք հնչում են հայրենական ԶԼՄ-ներում (հիմնականում հեղինակային նյութերում), այն մասին, որ իբր Պուտինը չի ընդունում Փաշինյանին, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ են փչացել, և պետք է շատ վատ բաների սպասել։
Աստված սոցցանցերի հետ, դրանք հենց նրա համար են հորինել, որպեսզի ոմանք խելոք-խելոք դուրս տան, իսկ մյուսները «փիլիսոփայական» մեկնաբանություններ գրեն։ Բայց երբ նման բաները մատուցվում են փորձագիտական կամ վերլուծական մակարդակում, ապա դրանք ընկալվում են որպես հարված նոր իշխանության թիկունքին։ Նոր իշխանությանը կարելի է ինչպես ասես վերաբերվել, բայց եկեք ամեն դեպքում fair play անենք…
Էլ չասենք, որ ամեն անգամ, երբ հայրենական աղբյուրներում հայտնվում են նման գնահատականներ, Հայաստանից արևելք ընկած պետական գոյացության կացինային քարոզչամեքենան ուրախությունից ցնցումների մեջ է ընկնում։ Այդ քարոզչամեքենան միայն զբաղված է նմանատիպ մանտրաներ հորինելով, իսկ մենք նրանց այդպիսի նվեր ենք մատուցում։