Հայաստանը չպետք է «դուռը շրխկացնի». ի՞նչ օգուտ կա ՍԾՏՀ–ից

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համոզված է, որ պետք է կանխել ՍԾՏՀ–ում հակահայկական որոշումների ընդունումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ) դե–ֆակտո արդեն վաղուց քաղաքական կառույց է դարձել, թեև ի սկզբանե ստեղծվել էր որպես տնտեսական համագործակցության համար նախատեսված հարթակ։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ռազմական ոլորտի առաջատար լուծումները կցուցադրվեն Երևանում DigiTec ֆորումի ընթացքում

Ավելի վաղ, ՍԾՏՀ անդամ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների նիստի արդյունքներով ՀՀ ԱԳՆ փոխնախարար Կարեն Նազարյանը կոչ էր արել չքաղաքականացնել կառույցի աշխատանքը։ Նա հավելել էր, որ վերջին տարիներին ՍԾՏՀ ԽՎ–ում քաղաքականացված որոշումներ ու հռչակագրեր են ընդունվում։

Բոզոյանը նշեց, որ ի սկզբանե ՍԾՏՀ պետք է նվազեցներ երկրների միջև առկա քաղաքական լարվածությունը, սակայն, ցավոք, այն  չկարողացավ կատարել այդ առաքելությունը. ՍԾՏՀ անդամ երկրները հետզհետե սկսեցին օգտագործել այդ հարթակը այս կամ այն քաղաքական խնդիրները լուծելու համար։

Այնուամենայնիվ, Հայաստանը չպետք է  «դուռը շրխկացնի» ու դուրս գա համագործակցությունից` այդ կառույցը քաղաքականացնելու փորձերի պատճառով։ Քաղաքագետի կարծիքով` դա անմիտ քայլ կլինի ու կհանգեցնի Հայաստանի ինքնամեկուսացմանը։ Հատկապես, որ այդ կառույցում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։

Իհարկե, Հայաստանում ոչ ոք չէր էլ ակնկալում, որ ՍԾՏՀ–ի օգնությամբ հնարավոր կլինի ապահովել տնտեսական զարգացումն ու լուծել բոլոր տնտեսական հարցերը։

«Պարզապես Հայաստանը մասնակցում է ՍԾՏՀ–ի աշխատանքին, ու դա տրամաբանական է, քանի որ չմասնակցելն անհասկանալի քայլ կլիներ ու քաղաքական առումով բացասական կազդեր Հայաստանի իմիջի վրա։ Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանը մասնակցում է, սակայն այդ կառույցի հետ մեծ հույսեր չի կապում», – կարծում է Բոզոյանը։

Ավելին` չի կարելի հաշվի չառնել, որ ՍԾՏՀ–ում ներկա են նաև Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ու Ադրբեջանը, որոնց միավորում է չլուծած հակամարտությունների խնդիրը։ Այդ պատճառով էլ նրանք փորձում են քաղաքական հարցեր ներառել ու այդ ուղղությամբ համախմբված դիրքորոշումից հանդես գալ։

Ադրբեջանի զորավարժությունը. ինչո՞ւ է Բաքուն արցախյան բանակցությունից առաջ ուժ ցուցադրում

Թեև դա նյարդայնացնում է հայկական կողմին, սակայն պետք է հակազդել և կանխել ՍԾՏՀ–ում հակահայկական որոշումների ընդունումը։

«Մենք չունենք այլ ընտրություն, պետք է հակազդենք, որ այդ հարթակում Ադրբեջանին չհաջողվի իր որոշումներն անցկացնել ու ցույց տալ, որ Հայաստանն այստեղ էլ է մեկուսացված», – պարզաբանեց քաղաքագետը։

Բոզոյանի կարծիքով` Հայաստանի մասնակցությունը ամենևին էլ չի նշանակում, որ երկիրը պարտադիր դիվիդենտներ է ստանալու, սակայն Հայաստանն այստեղ որոշ երկրների համար զսպող դեր ունի, որը կարելի է որպես դրական արդյունք գնահատել։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցել են ոչ թե արտգործնախարարների, այլ ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով, դա լրիվ նորմալ է, հաշվի առնելով  վերոհիշյալ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։

Նշենք` ՍԾՏՀ մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը կայացել է հունիսի 27-ին։ Երևան են ժամանել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը և տնտեսական համագործակցության գծով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օմար Կյուչուկը։

Նիստի ընթացքում Հայաստանը փոխանցել է ՍԾՏՀ նախագահությունը Ադրբեջանին։