ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր 65–րդ տարեդարձի կապակցությամբ։ ՀՀ նախագահին շնորհավորել են Հայաստանի նախկին և գործող ղեկավարները։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական իր ուղերձում Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երևանում:
1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը
1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
ՀՀ 4–րդ նախագահը 1976-1990թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:
1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում:
1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը:
1992-1996թթ․եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000 թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013-թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր:
2000-2013թթ․Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու և այլն:
2013 —2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: