Միքայել Թարիվերդիև. ինչու կոմպոզիտորի հուշարձանը չեն դնում Հայաստանում

Կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան, պատմել է, թե ուր կորավ Թբիլիսիում կոմպոզիտորի հուշատախտակը, ինչո՞ւ մինչև հիմա Երևանում սառնությամբ են վերաբերվում նրան և ի՞նչ է նրա մասին ասել ուսուցիչ Արամ Խաչատրյանը։
Sputnik

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Վերջերս Մոսկվայում «Գելիկոն օպերա» երաժշտական թատրոնում տեղի ունեցավ Միքայել Թարիվերդիևի «Ֆիգարենկոյի ամուսնությունը» կատակերգական օպերայի համաշխարհային պրեմիերան, որը ներկայացրել են Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի ուսանողները՝ ՌԴ ժողովրդական արտիստ դմիտրի Բերտմանի արվեստանոցի սաները։ Կոմպոզիտորն աշխատել է ստեղծագործության վրա 1989-1990թթ-ին, համարել է իր լավագույն օպերան, սակայն չի ապրել մինչև բեմադրությունը։

Միքայել Թարիվերդիևը նոր ժանրի սկիզբ դրեց

«Դմիտրի Բերտմանը վարվել է այնպես, ինչպես ժամանակին Բորիս Պոկրովսկին, որը 1966թ-ին իր շրջանավարտների կուրսի հետ բեմադրեց Միքայել Լեոնովիչի «Ո՞վ ես դու» օպերան՝ ըստ Վասիլի Աքսենովի վիպակի։ Ահա և հիմա Բերտմանի աշակերտները խաղացել են «Ֆիգարենկոյի ամուսնությունը» օպերայում, բայց ինձ թվաց, որ պետք է ինչ-որ ուղղումներ մտցնել», — պատմեց կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան, որը հյուրընկալել էր Sputnik Արմենիային թղթակցին։

Վերա Թարիվերդիևան երկար տարիներ գլխավորում է Միքայել Թարիվերդիևի բարեգործական հիմնադրամը, Կալինինգրադի Մայր տաճարի տնօրենն է և Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարը. մրցույթը կազմակերպվում է Կալինինգրադում` 1999թ-ից։

Բնակարանը, որտեղ ապրել և ստեղծագործել է կոմպոզիտորը և որտեղ Թարիվերդիևան օթևանում է անվերջ գործողումների արանքում, կտակել է Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանին։

Այս տանը քեզ զգում ես ասես թանգարանում․ սուրճի սեղանին դրված են կոմպոզիտորի ծխամորճները, պատերին՝ նրանց մտերիմների դիմանկարները, դարակներում՝ սիրելի գրքերը, իսկ 1938թ-ի  Steinway դաշնամուրի վրա՝ ձեռագրեր, նոտայի տետրեր, երեք «Նիկա» մրցանակներ։

Հայ կոմպոզիտոր, որի պատվին հուշարձաններ չեն կանգնեցնում

Հենց այդ բնակարանում է պահվում կոմպոզիտորի լեգենդար տետրը, որը նվիրել է նրա մայրը՝ Սաթենիկ Գրիգորևնան, որում նա խրատներ է գրել որդուն և դրանց շարքում գլխավորը՝ «Մենք քիչ ենք, բայց հայ ենք»։

«Այս տետրը խոսում է այն մասին, թե որքան շատ է սիրել Միքայել Լեոնովիչը Հայաստանը։ Նա այն պահում էր մինչև կյանքի վերջը։ Երբեք չէր մոռնում իր արմատների մասին։ Հասուն տարիքում՝ 1988թ-ին, Թարիվերդիևը մկրտվել է Հայ առաքելական եկեղեցում՝ Մոսկվայի Սուրբ Հարության եկեղեցում, որը գտնվում է Հայկական գերեզմանատանը։ Այնտեղ նա հողին է հանձնել իր ծնողներին, այնտեղ էլ հանգրվանել է հենց նա», — ասաց Թարիվերդիևան։

Հինգ փաստ Միքայել Թարիվերդիևի կյանքից

Թբիլիսիում՝ Պավել Ինգորոկվայի փողոցում գտնվող նրա տանը, որտեղ ապրել է Թարիվերդիևների ընտանիքը, հուշատախտակ կար։ Այստեղից կոմպոզիտորի ծնողները 1973թ-ին տեղափոխվել են Մոսկվա՝ որդու մոտ։ Բայց հուշատախտակի հետ երկու տարի առաջ միջադեպ է պատահել, որը քիչ է մնացել խաթարի Վերա Թարիվերդիևայի պատկերացումն այդ հյուրընկալ երկրի մասին։

«2016–ը շատ հագեցած տարի էր, մենք համերգներով շրջել էինք ամբողջ Ռուսաստանում, եղել Երևանում, Փարիզում, Նյու Յորքում։ Բայց ես երազում էի համերգ կազմակերպել Պալիաշվիլիի անվան օպերայի և բալետի վրացական թատրոնում, որտեղ 1948թ-ին կայացել է Թարիվերդիևի դեբյուտը։ Այդ ժամանակ նա 17 տարեկան է եղել։ Ես ամեն ինչի մասին պայմանավորվել էի, համերգից առաջ մուտքի մոտ փակցրել էի այդ դեբյուտի աֆիշի պատճենը և տարել էի «Ռոսկոնցերտի» այդ ժամանակվա տնօրեն Օլգա Ժուկովային Թարիվերդիևների տան մոտ՝ հուշատախտակը ցույց տալու։ Եվ ահա մենք մոտենում ենք, իսկ տախտակը չկա։ Ես հիստերիայի մեջ ընկա։ Սկսեցի ամենուրեք որոնել և գտա մուտքում։ Պարզվեց, որ շենքում պատկերասրահ են բացել, և Թարիվերդիևի հուշատախտակի փոխարեն հայտնվել է պատկերասրահի ցուցանակը», — մինչև հիմա վրդովված է Թարիվերդիևան։

Նրան օգնել է Թբիլիսիի Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Նիկոլայ Սվենտիցկին։ Նա խնդրել է իր դերասաններին լուծել այդ հարցը և նրանք գիշերն իր տեղն են վերադարձրել հուշատախտակը։

Բայց եթե Թբիլիսիում գոնե հուշատախտակ կա, ապա Երևանում անգամ դա էլ չկա։ Ինչո՞ւ։

«Հայաստանում Միքայել Լեոնովիչի պատվին հուշարձաններ չեն դնում։ Թող չդնեն, նրա երաժշտությունը չի անհետանա, այն ավելի երկար կապրի նրանց երաժշտությունից, ում հուշարձանները կան», — վստահ է Վերա Թարիվերդիևան։

Նրա կարծիքով՝ պատճառները շատ են։ Միքայել Թարիվերդիևը ծնվել է Թբիլիսիում, գնացել է Երևան՝ կոնսերվատորիայում սովորելու, բայց թողել է ուսումը և տեղափոխվել Մոսկվա։ Իր աշխատանքում նա ունիվերսալ է եղել, չի օգտագործել հայկական մեղեդիները, այլ ստեղծել է սեփական երաժշտական աշխարհը, ասում է Թարիվերդիևան։

Փախուստ Երևանից

Կոմպոզիտորը վաղ շրջանի ձեռագրերում ստորագրել է Թարիվերդյան։ Սակայն նա չի հարմարվել Երևանի կոնսերվատորիայում, ուր ընդունվել էր մոր խորհրդով։

Հիսուսի կերպարը փոխել Լենինով. ինչպես Չիլոյանն աշխատանքից հեռացրեց մի ամբողջ խմբագրության

«Նա սովորել է պրոֆեսոր Գրիգորի Եղիազարյանի դասարանում, բայց նրանց միջև տարաձայնություններ են ծագել։ Միքայել Լեոնովիչը շատ կրքոտ, տաքարյուն, ազատ ու անկախ մարդ է եղել, իսկ Եղիազարյանը փորձել է կաղապարի մեջ դնել նրան, ինչն անհնար էր անել Թարիվերդիևի հետ։ Նա ուղղակի լքում է կոնսերվատորիան և մեկնում Մոսկվա՝ ընդունվելու Գնեսինի անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտ», — պատմում է Թարիվերդիևի կինը։

Ի դեպ, փախուստն իր պտուղներն է տվել․ Թարիվերդիևը հայտնվել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դասարանում։ Մրցույթը շատ մեծ է եղել, բայց Թարիվերդիևը փայլուն կերպով անցել է այն, ինչի համար Արամ Իլյիչն ասել է Թարիվերդիևին․ «Դու ներս մտար՝ սպիտակ ձիու վրա նստած»։

Արամ Իլյիչը հիացմունքով է արտահայտվել Թարիվերդիևի մասին, իսկ նրա համար Խաչատրյանը հիանալի ուսուցիչ էր, որն ազատություն էր տալիս աշակերտներին։

Հայաստան և Արցախ՝ սիրով

Վերա Թարիվերդիևան շարունակում է սիրել ամուսնու պատմական հայրենիքը։ «Մենք կանոնավոր կերպով Հայաստանում կազմակերպում ենք համերգներ, հաճախ ենք այցելում Արցախ, որտեղ ծնվել է Թարիվերդիևի հայրը։ Այնտեղ հանդիսատեսը հիանալի է։ Դահլիճը միշտ լեփ-լեցուն է և անհնար է տոմս ձեռք բերել», — ասում է Վերա Գորիսլավովնան։

Եվ կրկին Նախիջևանը. ի՞նչ էր «ազատագրում» Զաքիր Հասանովը և արդյո՞ք մտահոգվելու առիթ կա

Առաջին անգամ նա Արցախում համերգ է կազմակերպել 2008թ-ին` Հայաստանում Թարիվերդիևի օրերի շրջանակում։ Ելույթները տեղի են ունեցել հինգ տարբեր քաղաքներում և ամենուրեք դպրոցների ուժերով մանկավարժներն ու աշակերտները հատվածներ են ընթերցել Թարիվերդիևի գրքից, կատարել են նրա երաժշտությունը։ Դա այնպիսի անջնջելի տպավորություն է թողել Թարիվերդիևայի վրա, որ վերջինս պարբերաբար սկսել է այցելել Արցախ։

«Ինձ ապշեցնում է, որ Ղարաբաղի դպրոցներում երեխաներն ավելի լավ են ռուսերեն խոսում, քան Մոսկվայի։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ ռուսերենն այնտեղ առաջնահերթ է։ Արցախում հիանալի կրթական ավանդույթներ կան։ Կարծում եմ, որ երբ մարդիկ ապրում են, երեխաներին մեծացնում մահվան հետ սահմանին, նրանց գլուխներում ճիշտ գերակայություններ են լինում։ Նրանք հոգ են տանում իրենց երեխաների, կրթության, մշակույթի մասին, այլ ոչ թե այն մասին, թե ում ինչ վաճառեն և ինչքանով։ Ծանր են ապրում, մեկուսացման մեջ, բայց հիասքանչ են ապրում», — վստահ է Թարիվերդիևան։

Ստեփանակերտ կատարած վերջին այցելություններից մեկի ժամանակ Թարիվերդիևային մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են, թե նա չի վախենում հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։ Նա պատասխանել է․ «Ես կնեղանամ, եթե ինձ չընդգրկեն սև ցուցակում»։ Առավոտյան հարևան պետության մամուլը գրել է Վերա Թարիվերդիևայի հանդգնության մասին, իսկ հոդվածների իմաստն այն է եղել, որ «մենք չենք կրող մերժել նման կնոջը»։

«Ինձ համար նույնիսկ պատիվ էր, ես գիտեի, որ այդ ցուցակը գլխավորում է Մոնսերատ Կաբալյեն», — ժպտում է Թարիվերդիևան։ Եվ առաջարկում դիտել կոմպոզիտորի բնակարանի ապագա թանգարանը, որը ժամանակի ընթացքում կարող են այցելել բոլորը, ում հետաքրքիր է և թանկ Միքայել Թարիվերդիևի արվեստը, որը ծնվել է Թբիլիսիում, ամբողջ կյանքի ընթացքում սիրել է Երևանը, բայց ապրել է Մոսկվայում։