Զորամասի հրամանատարին կալանավորել են շորթման մեղադրանքով

Հրամանատարի աշխատասենյակում, Երկրապահ կամավորականների միությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում կատարվել են խուզարկություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀՀ Պն N զորամասի հրամանատարին կալանավորել են` շորթման մեղադրանքով։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՊԲ մայոր է ձերբակալվել զինվորներից կաշառք վերցնելու մեղադրանքով

2018 թվականի հունիսի 21-ին խուզարկություններ են կատարվել հրամանատարի աշխատասենյակում, Երկրապահ կամավորականների միությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում:

Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել է երկու օդամղիչ հրացան, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող նոթատետր և գումարի փոխանցման անդորրագիր, որոնցում առկա տեղեկությունների վերաբերյալ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ N զորամասի հրամանատարին, կոչումով՝ փոխգնդապետ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: