«Բարեգործություն» բառը վերջին շրջանում Հայաստանում թերևս ամենագործածականներից է` կոռուպցիայից, գողությունից, չարաշահումներից հետո։ Միաժամանակ հայկական բարեգործությունն իր բազմաթիվ դրսևորումներով իր մեջ ներառում է և՛ կոռուպցիան, և՛ գողությունը, և՛ չարաշահումները։
Փաստեր փնտրելու կարիք արդեն չկա։ «Երևան» և «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամների վերաբերյալ վերջին բացահայտումները բավական են բարեգործության հայկական մոդելի մասին պատկերացում կազմելու համար։
Այս երկուսին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ավելացնում է նաև 2002 թ–ին ստեղծված ու արդեն 16 տարի գործող «Մարտիկ» հիմնադրամը։
«Այնքան անհասկանալի են այդ հիմնադրամում կուտակված գումարից ստացված տոկոսների ծախսերի նպատակները»,– ասում է Բախշյանը։ Միաժամանակ նա նաև փաստեր ունի, որ կամավոր նվիրատվությունների անվան տակ ՊՆ ղեկավարությունը ստիպել է աշխատակիցներին աշխատավարձերից վճարումներ կատարել։ Ավելի ճիշտ` նախապես արդեն պահումներ են արվել` առանց աշխատակցի համաձայնությունը հարցնելու։
«Երևան» հիմնադրամն էլ Բախշյանը երկրորդ քաղաքապետարան է որակում։ Բարեգործության անվան տակ այդ հիմնադրամից գումարներ են հոսել կանաչապատման, բարեկարգման, միջոցառումների կազմակերպման համար, ինչը իրականում Երևանի բյուջեով նախատեսված ծախսեր են։
Նույն նպատակի համար և՛ քաղաքապետարանի բյուջեն է վճարել, և՛ «Երևան» հիմնադրամը։ Ինչպես ասում են` ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես։ Տվյալ դեպքում`երկու բյուջեն փող է լվանում։
Լվացքի մեխանիզմներն այնքան բազմազան են, որ ՀՀ նոր իշխանությունն այս ոլորտից գլուխ հանելու համար պետք է ամբողջ գործը թողնի ու միայն բարեգործներով զբաղվի։
Մի դեպքում` բարեգործության անվան տակ ինչ–որ ապրանք է ներկրվում Հայաստան, «բարեգործն» ազատվում է հարկերից, հետո հանգիստ վաճառում իր բարեգործությունը նույն այդ պոտենցիալ շահառուների վրա։ Գուցե խմբաքանակից որոշ բան նվեր տալիս է, ընդ որում` պարտադիր տեսախցիկների, հեռուստատեսային ներբողների ներքո, բայց ոչ ոք չի հաշվում` քանիսը նվիրեց, քանիսը` վաճառեց։
Բարեգործությունը նաև հարկեր չվճարելու միջոց է։ Բա ամոթ չէ՞, բարեգործից ինչպե՞ս կարելի է գումար վերցնել։
Իսկ բարեգործության ամենատարածված տեսակն իհարկե, ընտրակաշառքն է։ ՕԵԿ–ի մուրաբաներն ու ԲՀԿ–ի տուկի թելերը վկա։ Ընտրողին քաղցրացնելու մեթոդներն այնքան տարբեր են, որ մնում է միայն զարմանալ հայ բարեգործական մտքի թռիչքի վրա։
ՀՀ ԱԺ–ն այսօր ընդունեց «Բարեգործության մասին» օրենքի փոփոխված տարբերակը։ Նոր օրենքով նախատեսվում է բարեգործական ծրագրերի համակարգման համար ստեղծել հանձնաժողով, որի կազմն ու կանոնադրությունը հաստատելու է վարչապետը:
Հանձնաժողովը վարելու է բարեգործական ծրագրերի ռեգիստր, զբաղվելու է դրանց գրանցմամբ, կարգավիճակը որոշելով ու անհրաժեշտության դեպքում` փոփոխելով։
Հանձնաժողովը նաև հետևելու է Հայաստանում իրականացվող բոլոր բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքին և անհրաժեշտության դեպքում դրանցում ստուգումներ իրականացնելու միջնորդություն անի։
Նոր օրենքով` բարեգործություն չեն կարող կոչվելու կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին դրամական և գույքային միջոցների հատկացումը և ապրանքների առուվաճառքից ստացված միջոցները:
Մեծ աղմուկով ԱԺ հասած և լուռումունջ ընդունված օրենքը դեռ նոր է կյանքի կոչվելու` տարանջատելով բարեգործությունը կաշառքից, չարաշահումից, կոռուպցիայից, գողությունից ու այլ քրեական արարքներից։
Եթե օրենքն ու հանձնաժողովը չդառնան թվարկված հանցանքները քողարկող հերթական կառույցը, կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում Հայաստանի հանրությունը կզրկվի կեղծ բարեգործների մի ստվար զանգվածից։
Իսկ դրանք, հավատացեք, քիչ չեն. ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով` իրենց անվանումներում «բարեգործական» եզրույթն ունեցող կազմակերպությունների թիվը 188 է, բարեգործական հիմնադրամներինը`շուրջ 150։ Եթե հավատանք այս տվյալներին, Հայաստանի յուրաքանչյուր 8000–րդ քաղաքացին իր բարեգործական հիմնադրամն ունի, բայց կարիքավորների թիվը, չգիտես ինչու, շարունակում է գերազանցել Հայաստանի բնակչության 40%-ը։