ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հունիսի 19–ին ձերբակալված քրեական հեղինակություն Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) կապված է մի շարք աղմկահարույց գործերի հետ։ Սակայն նա հայտնի է որպես հայկական մշակութային արժեքների պահպանման գործի մեջ ներդրում արած բարերար։
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Դոն Պիպոյին մի քանի օր առաջ Էջմիածնում։ Նույն օրը ձերբակալվել էր նաև Աժ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը։
Ասատրյանի ձերբակալության պաշտոնական վարկածը կապված է նրա մահափորձի ու դրան հետևած նրա գործողությունների հետ։ Դոն Պիպոյին կասկածում են երեք անձանց առևանգման ու նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ. բացի այդ, նրան կասկածում են զենքի ապօրինի ձեռքբերման ու պահպանման մեջ։
Հիշեցնենք մեկ այլ հեղինակության` Արտյոմ Կանևսկու պատվերով Ասատրյանի վրա անհաջող մահափորձ կատարելուց հետո (ինչպես պնդում է մամուլը) Էջմիածնում սպանել են Կանևսկու կողմնակցին։
Պայքար Էջմիածնի համար
Վերջերս մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Իտալիայից վերադարձած Ասատրյանն ակտիվորեն անշարժ գույք ու վաճառքի օբյեկտներ է գնում Էջմիածնում։
Սակայն ամենաշատը Դոն Պիպոյի անունը հիշատակվել է Էջմիածնի քաղաքապետի դեմ ցույցերի ժամանակ։ «Սուրբ» քաղաքը, ինչպես նաև ամբողջ մարզը Մանվել Գրիգորյանի հայրենակալվածքն էր համարվում, իսկ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր նրա որդին։ Իսկ Գրիգորյանի հետ Ասատրյանը վաղուցվա հաշիվներ ունի, քանի որ նա լքել էր Էջմիածինը հենց գեներալի հետ հակամարտության պատճառով։
Եվ ահա, «թավշյա հեղափոխությունից» որոշ ժամանակ անց Էջմիածում գործող քաղաքապետի ու հենց իր` Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներ սկսեցին։ Ընդ որում` օգտագործվում էին հեղափոխության խորհրդանիշներն ու Փաշինյանի լուսանկարները։
Մամուլը միանգամից պարզեց, որ բողոքի ակցիաները կազմակերպել էր Դոն Պիպոն։ Թեև նա ժխտում էր դա, մասնակցում հանրահավաքներին ու որպես «շարքային մասնակից»` «արդարություն» էր պահանջել։
Իրավիճակը կարող էր զինված բախման սցենարով զարգանալ, սակայն կենտրոնական իշխանությունները որոշեցին միջամտել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխության խորհրդանիշների օգտագործումը մաֆիոզների պատերազմների համար անթույլատրելի է։
Եվ դրանից հետո ԱԱԾ–ն ձերբակալեց Ասատրյանին, ինչպես նաև Մանվել Գրիգորյանին…
Ի՞նչ գիտենք նրա մասին
Ասատրյանն Էջմիածնում է ծնվել, սովորել է երաժշտական դպրոցում, հետո սկսել է բոքսով զբաղվել։ 1987 թվականին Արթուր Ասատրյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել։ Իսկ 1991 թվականին նա թողել է սպորտն ու խորացել է գործարարության և քրեական աշխարհի մեջ։
Ասատրյանին թագադրված օրենքով գող Դոն Պիպո են անվանում։ Նա առանձնապես հայտնի դարձավ 2013 թվականին, երբ Իտալիայի իշխանությունները Դոն Պիոյի վրա միջազգային հետախուզում հայտարարեց` «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության հետ կապված գործով:
2008 թվականին Իտալիայի իշխանություններն արդեն ձերբակալել էին Ասատրյանին ու ՀՀ 4 քաղաքացիներն` ազդեցիկ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Պուխլի Արմեն Կանևսկի) կողմնակցի սպանության գործով։
Դոն Պիպոյի բիզնեսը
Թեև Դոն Պիպոն հիշատակվում է Իտալիայի քրեական խրոնիկայում, նրա հիմնական բիզնեսը Ռուսաստանում է։
Նրա գլխավոր ակտիվը «Դանվեստա» ընկերությունն է, որը Մոսկվայում կրպակների մեծ ցանց ունի։ 2016 թվականի սկզբին ընկերությունը մայրաքաղաքում ավելի քան 140 կրպակ ուներ։ ՌԲԿ–ն ժամանակին նշում էր, որ «Դանվեստան» նոր նմուշի կրպակների արտադրության մենաշնորհ ուներ։
2016 վերջին «Կոմերսանտում» արված հրապարակման մեջ նշվում է, որ «Դանվեստան» ղեկավարում էր նաև «Բոգորոդսկի» և «Պանորամա» առևտրի կենտրոնները, Cityman տաքսի ծառայությունը, Սերգիևո–Պոսադսկի ալրաղաց գործարանը, «Նորտեքս» ընպելիքների մատակարարումը, «Շելկովկա» ֆերմերական տնտեսությունը։
Այնտեղ նշվում է նաև, որ նրա որդին` Եղիա Ասատրյանը գյուղատնտեսական նախագծերով է սկսել զբաղվել։ 2016 թվականին Եղիան դարձել է «Ագրոֆերմա» ՍՊԸ–ի, «Արգո–ինվեստ» ՍՊԸ–ի ու «Ագրոգրիբի» ՍՊԸ–ի 10%–ի սեփականատերը։ Այդ պահին Եղիա Ասատրյանը նաև «Մարս» ՍՊԸ–ի, Մոսկվայի մոտակայքում գործող «Ավանտաժ» ՍՊԸ–ի (զբաղվում է մի շարք բաներով, այդ թվում` մթերքի վաճառք, զբոսաշրջություն ու շինարարություն) ու մոսկովյան «ԵԱՍ–Գրուպ» ՍՊԸ–ի (մթերքի արտադրող) ուղիղ սեփականատերն էր։
Դոն Պիպոն` բարեգործ
Ինչ–որ պահի Ասատրյանը փորձեց «մաքրել» իր անունը և, գոնե հրապարակայնորեն, հեռանալ քրեական աշխարհից։ Դրա համար նա սկսեց բարեգործությամբ զբաղվել։
2007 թվականին նրա շնորհիվ Հռոմում Հայոց ցեղասպանության հիշատակին երեք մետրանոց խաչքար տեղադրվեց։ Բացի այդ` 2012 թվականին նա Հայաստանում ու դրա սահմաններից դուրս կրթական ու հասարակական նախագծերին աջակցելու համար հիմնադրամ ստեղծեց։
2017 թվականին տեղեկություն տարածվեց, որ Դոն Պիպոն Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի համար Վատիկանի գաղտնի արխիվից եզակի փաստաթղթեր է ձեռք բերել։
Եվս մեկ հետաքրքիր փաստն այն է, որ 2017 թվականին Ասատրյանը հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտիի հայաստանյան այցն է կազմակերպել։ Տոնական համերգի ժամանակ բեմում ելույթ էր ունենում նրա որդին, իսկ դահլիճում նստած էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ–ն և Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։
Արդեն ձերբակալությունից հետո հայտնի դարձավ, որ Դոն Պիպոյի ֆինանսավորմամբ ռուսերեն ու անգլերեն է թարգմանվել «Հայաստանի Հանրապետություն» 11 հատորյակը, որը հանրագիտարանի հեղինակի խոսքով, ուղարկվել է աշխարհի լավագույն գրադարաններ։
Նրա խնամքի տակ Իտալիայում մանկատուն կա, որտեղ ապաստան են գտել երեխաներ` աշխարհի տարբեր երկրներից։
Դոն Պիպոյի մասին փաստագրական ֆիլմ է նկարահանվել «Ծագումով հայերը» ծրագրի շրջանակում, որտեղ նրա մասին բարի խոսքեր են ասում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ «Ծառուկյանը», հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը), հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը, դերասաններ Ֆրանկո Ներոն ու Օռնելա Մուտին և այլ։
Սակայն նրա բարեգործական գործունությունը Հայաստան վերադառնալուց հետո նրան դեռ չեն օգնել։
Առաջիկա երկու ամիսները նա կանցկացնի բանտում։ Թե ինչպիսին կլինի գործարարի ու բարեգործի հետագա ճակատագիրը, ժամանակը ցույց կտա…