Ռոբերտ Քոչարյանն ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է մարտի 1-ի գործի քննությանը և զրուցել իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը նոր թափով ձեռնամուխ է եղել մարտի 1-ի գործի քննությանը: Երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է այս գործով բացահայտման աշխատանքներն ակտիվացնելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարական տվել:

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է Գրիգորյանին հարցաքննելու լուրը

Մինչ այդ` երեկ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ասել է, թե ինքն էլ է ցանկանում այդ դեպքերի բացահայտումը:

«Բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան պետք է տա»:

Սակայն նա չի մանրամասնել, թե ով է կրակելու հրաման տվողը եղել:

«Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես էլ ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետեւյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել: Ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ` պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` Գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք-չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս»:

Հիշեցնենք՝ վերջերս մեծ իրարանցում էր առաջացրել «Ժամանակ» թերթի հրապարակումը, որում նշվում էր՝ մարտի մեկի գործով հարցաքննվել է ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը։ Նա իբր հայտնել էր, որ կրակելու հրահանգը տվել էր անձամբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և որ գեներալն իր խոսքերը հաստատող հեռախոսազրույցի ձայնագրություն ունի։ Թերթը հղում էր արել իրավապահ մարմինների իր աղբյուրներին։

Եթե անհրաժեշտ լինի, ես էլ կհարցաքննվեմ, Ռոբերտ Քոչարյանն էլ. Նիկոլ Փաշինյան

Նախկին նախագահի գրասենյակն արագ արձագանքել էր այս հրապարակմանը` հայտնելով, որ գեներալը վրդովված է սուտ հրապարակման պատճառով։ Նրանց խոսքով` Գրիգորյանը նաև հերքում է ձայնագրության գոյությունն այն պարզ պատճառով, «որ այդպիսի խոսակցություն պարզապես չի եղել»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։