ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանի ռեստորանային ոլորտում բացարձակ քաոս է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Մասնավորապես` Մամուլյանին անհանգստացնում է այն, որ ավանդական հայկական խոհանոցը բավականաչափ լայն ներկայացված չէ մեր ռեստորաններում։
«Մտնում ես երկրի առաջատար ռեստորանները, անուններ չնշեք, ու տեսնում ես «Խ»–ով տասը ուտեստ, որոնք ոչ մի կապ չունեն հայկական ավանդական խոհանոցի հետ», – ասաց Մամուլյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Նրա խոսքով` այդ ռեստորանները լավ բիզնես են անում, նույնիսկ մեծ պահանջարկ ունեն, սակայն այն ամենը, ինչ նրանք առաջարկում են, ամենևին էլ հայկական չէ։ Հայաստանում դժվար է գտնել մի ռեստորան, որը մասնագիտանում է զուտ հայկական խոհանոցի վրա։
Անվանի խոհարարը բողոքեց նաև, որ խոհարարներից քչերը կարող են համարձակորեն դուրս գալ հաճախորդի մոտ ու հասկանալի կերպով բացատրել` ինչու է ուտեստը հենց այս մեկնաբանությամբ մատուցվել ու դրա ծագման մասին պատմել։
«Խոհարարն այն մարդը չէ, որը պատրաստում է։ Խոհարար հասկացությունն ավելի լայն է. նա որոշակի ճաշակ թելադրող է, գալիս են խոհարարի, այլ ոչ թե ռեստորանի համար», – ասաց Մամուլյանը։
Հայկական ավանդական խոհանոցի հանդեպ վերաբերմունքը պետք է մանկուց ձևավորվի։ Իսկ մանկապարտեզների ու դպրոցների ճաշացանկում ուտեստներ են, որոնք ոչ մի կապ չունեն հայկական խոհանոցի հետ։
Մամուլյանի հետ համամիտ է նաև Հյուսիսային դարպասներ զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը։
«Մենք առնվազն 300 տեսակի ուտելի կանաչեղեն ունենք, որոնցից բազում կերակուրներ կարելի է պատրաստել։ Դա նույնն է, որ նկարչին տաս բոլոր ներկերը ու ստեղծագործելու հնարավորություն ընձեռես։
Որպես օրինակ նա մատնացույց է անում Դանիան, որի հիմնական ուտեստների ցանկը սահմանափակ է։ 2003 թվականին Դանիայի արքայազնը հրահանգել է ազգային խոհանոցի հետազոտություն իրականացնել, որպեսզի այն հանրահռչակվի որպես զբոսաշրջային ուղղություն։
«Հետազոտություններից հետո նրանք եզրահանգել են, որ միակ ճանապարհը գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացումն է», – ասաց Խաչիկյանը։
Արդյունքում դանիացիներն արեցին անհնարինը. չունենալով առանձնապես հնարավորություններ, ինչպես օրինակ Հայաստանը, դանիացիները աշխարհի խոհարարական քարտեզի վրա առաջատար տեղերից զբաղեցրին։ Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր պարտականությունն է համարում այցելել Կոպենհագենում սկանդինավյան խոհանոցի ռեստորանը։
Խաչիկյանը կարծում է, որ այդ առումով Հայաստանն ունի ամեն ինչ, բացի պետական աջակցությունից։