Թբիլիսիում հայկական եկեղեցու հարցը օդում կախված մնաց. ինչո՞ւ են լսումները կրկին հետաձգվել

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու պատկանելության հարցի դիտարկումը նորից հետաձգվել է։ Այս անգամ ոչ թե մեկ ամսով, այլ մեկ շաբաթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու` հայ առաքելական, թե վրացական ուղղափառ եկեղեցուն պատկանելու գործով լսումները կրկին հետաձգվեցին։ Այս անգամ դատավորը պետք է շտապ հեռանար քաղաքից։

Ինչպես Լոնդոնի եկեղեցին հայկական դարձավ, և ինչ կապ ունի Երևանի պատվավոր քաղաքացին

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) փաստաբան Գվանցա Լոմիան։

Ի սկզբանե Թանդոյանց եկեղեցու գործով լսումները պետք է կայանային մայիսի 1-ին, հետո այն տեղափոխվեց հունիսի 7-ին։ Սակայն երեկ այն նույնպես տեղի չունեցավ։

«Այս գործով լսումները տեղափոխվել են հունիսի 14-ին։ Դատավորը քաղաքում չէր, նա պետք շտապ հեռանար։ Երեկ մեզ այսպես ասացին դատարանում», — պարզաբանեց Լոմիան։

Նա ընդգծեց` դա չի խանգարում հավատալ, որ դատարանն անաչառ կլինի, արդարությունը կհաղթի, ու Թանդոյանց եկեղեցին կփոխանցվի իր օրինական տիրոջը` Հայ առաքելական եկեղեցուն։

«Մենք դատարանում կներկայացնենք մեր ունեցած բոլոր ապացույցները։ Չի կարելի թույլ տալ, որ տաճարի տարածքում այլ դավանանքի եկեղեցի կառուցվի», — ասաց Լոմաին։

Լոմիան ընդգծեց, որ Թանդոյանցը վրացական ուղղափառ եկեղեցու տեղում չի կառուցվել, ինչպես պնդում է վրացական պատրիարքարանը։ Նա հավելեց, որ նրանց փաստարկները լիովին հաստատում են հայկական կողմի իրավացիությունը։ 

«Այն եկեղեցին, որի մասին խոսում է վրացական պատրիարքարանը, լրիվ այլ վայրում է գտնվում։ Թանդոյանց եկեղեցին փայտյա վանքի տեղում է կառուցվել», — ասաց փաստաբանը։

Ավելի վաղ վրացական Պատրիարքարանը հայտարարել էր, թե Թանդոյանցի տեղում ուղղափառ եկեղեցի է եղել։ Որպես ապացույց նրանք ներկայացնում են վրացերեն գրություններով տապանաքարերը։ Հայ առաքելական եկեղեցին արդեն հերքել է դա` նշելով, որ XVIII դարում Թանդոյանց եկեղեցու տեղում գերեզմանատուն է եղել, իսկ այն ժամանակ գերեզմանատները հայկականի ու վրացականի չէին տարանջատում։

Գոշավանքի պատմությունը․ կանանց իրավունքները միջնադարյան Հայաստանում և եզակի խաչքարը

Լոմիան հույս ունի, որ դատարանը արդար վճիռ կկայացնի։

Թանդոյանցի դատական գործով հայցվորը Հայ առաքելական եկեղեցին է, պատասխանող կողմը` Վրաստանի պետական ռեեստրում գրանցումներ իրականացնող մարմինը։ Հայկական եկեղեցին դատարանում ներկայացնում են Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) ու մարդու իրավունքների և մոնիթորինգի ուսումնասիրության կենտրոնի (EMC) իրավաբանները։ 4591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ.-ի հուլիսի 26-ին։

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1866 թվականին։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ.-ի օգոստոսի 12-ից եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական նպատակներով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց եկեղեցին մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, բայց ապարդյուն։