ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Ավստրիայում` այս անգամ մրցելով Մոլդովայի ընտրանու հետ: Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այսօր, մեր հավաքականը ոչ-ոքի արդյունքով ավարտեց հանդիպումը. գրանցվեց 0:0 հաշիվը:
Վարդան Մինասյանն այս անգամ այլ մեկնարկային կազմ էր ընտրել: Իր նորամուտը հավաքականի կազմում նշեց Անդրե Չալշըրը: Ու այս դեպքում հավաքականի մարզիչը խաղը սկսեց կենտրոնական երեք պաշտպաններով: Պարզ էր, որ Մինասյանը պարզապես փորձում է թիմի խաղը տեսնել նաև այլ մարտավարությամբ:
Ի տարբերություն Մալթայի հետ խաղի, այս մրցավեճում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մոտ ավելի շատ էր տեղաշարժը, առանց գնդակի տեղափոխությունները: Ամբողջ խաղի ընթացքում մեր թիմը տիրում էր նախաձեռնությանը և վտանգավոր պահերը մոլդովացիների դարպասին առաջանում էին անհամեմատ շատ, քան հակառակ ուղղությամբ:
Գոլային պահեր էլ ստեղծելով` մերոնք գերազանցեցին մրցակցին, սակայն արդյունավետ հարվածը չկար: Մի քանի դրվագներում իր թիմին փրկեց Մոլդովայի հավաքականի դարպասապահը, մի քանի դրվագներում էլ հայ ֆուտբոլիստների հարվածները նպաստավոր դիրքերից կամ դիպուկ չէին կամ էլ «փակվում» էին պաշտպանների կողմից:
Զգացվեց բարձրակարգ հարձակվողի պակասը: Բացի այդ, մեր թիմի կազմում դեռ կան խնդիրներ` կապված համագործակցության հետ: Եվ այս ամենին գումարած չմոռանանք, որ մրցաշրջանը որպես այդպիսին մեր հավաքականի շատ ֆուտբոլիստների համար արդեն առնվազն երկու շաբաթ է` ավարտված է, այնպես որ կար նաև ոչ շատ նկատելի, բայց հոգնածության ֆոն:
Այս հանդիպումներից հետո դժվար է ասել, թե հավաքականը երբ նորից կհավաքվի: Համենայնդեպս սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի հետ խաղով մեր ընտրանին կմեկնարկի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում: