Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը կանգնել է. Երևանը կարող է շրջանցել Բաքվին

Նոր քաղաքական իրավիճակը, միջազգային վարկանիշի բարձրացումը, ինչպես նաև սփյուռքի հետ հարաբերությունները կարող են օգնել , որ Հայաստանը ֆինանսական միջոցներ գտնի Իրանի հետ երկաթուղային հաղորդակցություն բացելու համար։
Sputnik

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Իրանն ու Ադրբեջանը կապող Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի նախատեսվող շինարարությունը շատ հարցեր է ծնում։ Կողմերը մինչ օրս վերջնական համաձայնության չեն եկել, և այդ նախագծի հանդեպ նախկին շահագրգռվածությունը չի դրսևորվում։

Իրան–Հայաստան երկաթգիծը կդառնա՞ իրականություն

Միևնույն ժամանակ, Հայաստանում քաղաքական իրավիճակը արմատապես փոխվել է, և հնարավորություններ են ստեղծվել հանրապետությունն Իրանին միացնող երկաթգիծ կառուցելու համար։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայ փորձագետների հետ փորձել է պարզել տարածաշրջանում երկաթուղային նախագծերի հեռանկարների և դրանց իրականացման հետ կապված խնդիրները։

Աստարա-Ռեշտ երկաթուղային հատվածի «շինարարը» փոխվել է

Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով` դեռ մի քանի ամիս առաջ Իրանն ու Ադրբեջանը ավելի ակտիվ էին քննարկում Աստարա-Ռեշտ երկաթուղային հատվածի շինարարության հարցը։

Սակայն իրավիճակը փոխվել է։ Մասնավորապես, փորձագետն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ տրանսպորտային կարևոր նախագծերի իրականացման հարցով մինչ օրս զբաղվել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության տրանսպորտային ենթակառուցվածքների վարչությունը, իսկ այսօր Ռեշտ-Աստարա նախագիծը փոխանցվել է «Իրանի երկաթուղիներին»։

«Կազմակերպությունը, որն այժմ պետք է իրականացնի Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը, նոր բանակցություններ պետք է անցկացնի և վերջնական պայմանագիր ստորագրի։ Եթե նախկինում խոսվում էր, որ կոնկրետ պայմանավորվածություններ կան, այդ թվում վարկի տրամադրման վերաբերյալ, ապա այժմ հասկանալի է, որ չլուծված հարցեր կան», — ասաց Իսրայելյանը։

Ըստ այդմ` փորձագետը եզրակացնում է, որ երկաթուղու շինարարության մասին վերջնական պայմանավորվածություն (50/50 սկզբունքով) դեռ չկա։

Թեհրանը պաշտոնապես որևէ պատճառ չի նշել «շինարարին» փոխելու որոշման վերաբերյալ։ Սակայն, ինչպես նշեց իրանագետը, Տրանսպորտային ենթակառուցվածքների վարչությունը ֆինանսական հնարավորություններ, ինչպես նաև նման նախագծերի իրականացման փորձ ավելի շատ ունի, քան «Իրանի երկաթուղիները»։

Վերին Լարսի «գերին», կամ ով է խոչընդոտում Հայաստանի`շրջափակումից դուրս գալը

Իսրայելյանի խոսքով` Թեհրանի փորձագիտական շրջանակները կասկածում են, որ «Իրանի երկաթուղիները» կկարողանան հաջողությամբ գլուխ բերել այս նախագիծը։

Նա նաև նշեց, որ ադրբեջանական կողմն այժմ նույնպես առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերում երկաթգծի այդ հատվածի շինարարության նկատմամբ։

Ադրբեջանա-իրանական հարաբերությունների համատեքստում փորձագետը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ վերջին շրջանում Իրանի որոշ խորհրդարանականներ երկրի ԱԳՆ-ից պարբերաբար պահանջում են բարձրացնել Բաքվի կողմից առանց վիզայի ռեժիմ հաստատելու հարցը (իրանական կողմը Ադրբեջանի քաղաքացիների համար արդեն նման ռեժիմ սահմանել է)։

«Իրանցի պատգամավորները կարծում են, որ Թեհրանի քաղաքականությունն այդ հարցում չպետք է միակողմանի լինի», — ասաց Իսրայելյանը։

Բացի այդ, և՛ Իրանի ղեկավարությունում, և՛ փորձագիտական շրջանակներում այս նախագիծն իր հակառակորդներն ունի, նրանք փորձում են ապացուցել, որ Ադրբեջանի հետ երկաթուղի կառուցելը Իրանի Իսլամական Հանրապետության շահերից չի բխում։

Որպես փաստարկ, նախևառաջ, նշվում է անվտանգության գործոնը, Ադրբեջանի և Իսրայելի բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև այն, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել նախագծի իրականացումից։

Իրավիճակը Հայաստանի օգտին է

Արևելագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը (մասնավորապես, «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի դուրս գալուց հետո) նաև բացասական ազդեցություն է ունեցել Ռեշտ-Աստարա հատվածի շինարարության հետ կապված ծրագրերի համար։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը վտանգում է Ադրբեջանում երկաթգծի կառուցումը

Այս նախագծի իրականացման համար Իրանին ադրբեջանական վարկ տրամադրելու հարցը որոշակի դժվարությունների հետ է կապված։

«Արդեն լուրեր են պտտվում, որ նախագծի իրականացման գործընթացը կարող է դադարեցվել», — ասաց Տոնոյանը։

Բացի այդ, Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի արգելակի շինարարությունը, կարծում է նա։ Չէ՞ որ այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը մտադիր է կիրառել Թեհրանի նկատմամբ, կարող են մասամբ կորցնել իրենց ուժը այն դեպքում, եթե Ադրբեջանի հետ երկաթգիծն աշխատի։

«Կարծում եմ, որ երկաթուղային հատվածը դեռ երկար ժամանակ նախագծային վիճակում էլ կմնա», — կարծում է Տոնոյանը։

Նրա կարծիքով` Հայաստանն անպայման պետք է օգտագործի այս հարմար պահը, ֆինանսական միջոցներ գտնի և առաջ տանի Իրանի հետ երկաթուղու կառուցման նախագիծը։

«Այժմ կարող են լրացուցիչ հնարավորություններ բացվել երկաթուղու կառուցման համար։ Դրան կարող են նպաստել Հայաստանում առկա քաղաքական փոփոխությունները, սփյուռքի հետ հարաբերություններն ու ներդրումների ներգրավման հնարավորությունները», — ասաց Տոնոյանը։

Բացի այդ, Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության նոր վերաբերմունքը թույլ է տալիս ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում սեփական նախագծեր իրականացնելու համար։

Աշխարհում նաև գիտակցում են Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքը և Իրանի հետ նրա հարաբերությունների կարևորությունը։

Այդ հարցում Հայաստանի շահերն առաջ մղելու համար ևս մեկ խթան է հանդիսանում Իրանի բավականին խոցելի դրությունը։ Իսլամական հանրապետությանը մեկուսացնելու փորձերն ավելի հաճախակի են դառնալու, և այդ պայմաններում բարձրանալու է Երևանի և Թեհրանի հարաբերությունների կարևորությունը։

«Հայաստանի դերը ուժեղանալու է, և Իրանի հետաքրքրությունն աճելու է մի քանի անգամ` հատկապես հաշվի առնելով Երևանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ։ Թեհրանը կփորձի Հայաստանի օգնությամբ շրջանցել իր վրա դրված սահմանափակումները», — ասաց Տոնոյանը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նման հարաբերություններ չունի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի հետ։

Ինչպե՞ս է Հայաստանն ընկերություն անելու Իսրայելի ու Իրանի հետ

Իսրայելյանը նաև կարծում է, որ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, Հայաստանի իշխանությունները նոր ջանքեր պետք է գործադրեն նախագծի իրականացման համար։ Ընդ որում հայկական կողմը երկաթգծի կառուցումը չպետք է կապի Թեհրանի հետ իրականացվող ենթակառուցվածքային այլ նախագծերի հետ։

«Իրանում և Հայաստանում ստեղծված նոր պայմաններում կողմերը պետք է նոր ուղիներ գտնեն երկկողմ նախագծերի իրականացման համար», — ասաց փորձագետը։

Նա կարծում է, որ այդ հարցը պարտադիր պետք է ներառել երկու երկրների պաշտոնական անձանց հանդիպումների օրակարգում։

Նշենք, որ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարությունը 1.1 մլրդ դոլար է գնահատվում։

Ադրբեջանը համաձայնել էր Իրանին 500 մլն դոլարի վարկ տրամադրել։ Վարկային համաձայնագիրը երկու երկրներն արդեն նախաստորագրել են։