Հարձակում «սուպերմարկետների արքայի» վրա և պանրի մասին նամակ Փաշինյանին

Ազգային անվտանգության ծառայության խուզարկությունները «բացահայտել» են խնդիրը, բայց չեն լուծել։ Սննդամթերքի հարյուրավոր արտադրողներ և հազարավոր գյուղացիներ անհարմարություններ են զգում։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ամենազոր Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետներում սկսվել են Ազգային անվտանգության ծառայության խուզարկությունները… Ազդեցիկ է, բայց արդյո՞ք արդյունավետ է։ Խուզարկությունները կավարտվեն, փողերը կմտնեն բյուջե, իսկ խնդիրը կմնա։ Եվ վճռական քննադատությամբ չի լուծվի։ Խնդիրը ԱԱՀ-ի փոխհաշվարկն է։

Մինչև ուր են տանում կոռուպցիայի թելերը. շրջանառում են երկրի ղեկավարների անունները

Փորձենք պատկերացնել, թե ինչ է Ավելացված արժեքի հարկը` ԱԱՀ-ն։ Այն ներառվում է ապրանքների գնի մեջ, որոնք մենք գնում ենք խանութում (ավելի ճիշտ` շատ խանութների ապրանքների մեծ մասի գնի մեջ)։ ԱԱՀ-ն լեգոյի պես կազմված է մի քանի «աղյուսներից»։ Ալրաղացը մեկ բեռնատար ալյուր է ուղարկում հացի գործարան, իր գնին ավելացնում է 20 տոկոս ԱԱՀ։ Հացի գործարանն ապրանքը տեղափոխում է խանութ և իր գնին նույնպես ավելացնում է 20 տոկոս։ Խանութը մեզ հաց է վաճառում և գնին ավելացնում է վերջին 20 տոկոսը։ 150-դրամանոց մատնաքաշում «հավաքվում» է 16,6 տոկոս ԱԱՀ (25 դրամ)։ Հացը վաճառվում է, և այդ 25 դրամը խանութի դրամարկղից գնում է հարկային մարմին։ Խանութը հարկը վճարում է բոլորի համար` թե՛ իր, թե՛ հացի գործարանի, թե՛ ալրաղացի, ուստի հետո նրանցից վերադարձ է ստանում։

Բայց ի՞նչ անել, եթե շղթայում կա գյուղացի, որը չի վճարում ԱԱՀ։ Այդ դեպքում բիզնեսը չի կարող նրանից վերադարձ ստանալ։ Ուստի եթե խանութը, որը ԱԱՀ է վճարում (օրինակ`նույն «Երևան սիթին»), գյուղացիներից լոլիկ կամ սոխ է գնում, ապա պետք է վճարի ԱԱՀ և՛ իր, և՛ գյուղացու համար։

Խոշոր խանութները, որոնք ԱԱՀ են վճարում, մտածել են` ինչու ապրանքը 20 տոկոսով թանկացնեն, եթե շրջակայքում կան փոքր խանութներ, որոնք աշխատում են շրջանառության 5 տոկոս հարկով։ Այդ ժամանակ էլ ծնվել է վաճառքն անհատ ձեռներեցների միջոցով ձևակերպելու գաղափարը։

Կա մի «բայց»։ Դուք չեք կարող շրջանառության հարկ վճարել, եթե կապված եք խոշոր բիզնեսի հետ։ Այդ դեպքում դուք պետք է վճարեք ԱԱՀ և շահութահարկ։ Բայց հարկային մարմինն ուշադրություն չի դարձրել դրան։

Որտեղի՞ց նման բարություն

Հանուն արդարության նշենք, որ հարկայինը թույլ է տվել այդպես աշխատել ոչ միայն «Երևան սիթիին», այլ նաև ուրիշ առևտրի ցանցերին, որտեղ հիմա ստուգումներ չեն ընթանում։ Ուստի սուպերմարկետները ստիպված չեն եղել բարձրացնել մրգի և բանջարեղենի գինը։ Հիմա, եթե այդ «անտեսումը» չլինի, ապա սուպերմարկետների հարկային բեռը կաճի։ Նշանակում է, որ գները կբարձրանան։ Դա լավ չէ, բայց կարող է ավելի վատ լինել։ Սուպերմարկետը կպահանջի իր մատակարարներից ավելի էժան հանձնել ապրանքը։ Նրան մերժելը դժվար է, որովհետև առևտրի ցանցերին բաժին է ընկնում երկրում մեծածախ առևտրի շրջանառության ավելի քան 50 տոկոսը։

«Երևան սիթիից» հետո մյուս սուպերմարկերտներին ուղղվելու ժամանակ են տվել

Ահա և ծագում է խնդիրը, որից մենք սկսել ենք։ Ֆերմերները չեն վճարում ԱԱՀ, բիզնեսը չի ցանկանում վճարել նրանց փոխարեն, խոշոր խանութները ճնշում են մատակարարներին։

Ուզում էինք` ավելի լավ լինի…

Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն խանութներին, այլ գրեթե բոլորը, ովքեր գործ ունեն գյուղացիների հետ. գինու և պահածոյի գործարանները, կաթնամթերքի և պանրի կոմբինատները (բացառություն են կազմում նրանք, ովքեր ապրանքը արտահանում են արտասահման, պետությունը նրանց վերադարձնում է ԱԱՀ-ն)։ Տեսնելով հարկի հետ կապված անհարմարությունները` գործարանները փորձում են չաշխատել գյուղացիների հետ, եթե նման հնարավորություն է լինում։

Այդ պատճառով էլ ցորենը, եգիպտացորենը, թռչնաբուծարանի ու մսի կոմբինատի միսը փորձում են չգնել գյուղացիներից (իհարկե, կան սանիտարիայի և որակի պատճառներ, բայց հիմա կանգ չենք առնի դրանց վրա)։ Ուստի նախընտրում են վերցնել ոչ թե տեղական արտադրանքը, այլ ներկրվողը` ԱԱՀ-ից ազատվելու համար։ Եվ ի՞նչ է ստացվում։ Ստացվում է պարադոքս. գյուղացիներին արտոնություններ են տալիս, ազատում են ԱԱՀ-ից, բայց նրանք դրա պատճառով տուժում են։

Գյուղացիներից միրգ, բանջարեղեն, կաթ են գնում միայն այն ժամանակ, երբ ընտրություն չկա։ Բայց այստեղ էլ փորձում են գյուղացու ապրանքի գինը թեկուզ մի քանի դրամով նվազեցնել մեկ լիտր կաթի կամ մեկ կիլոգրամ դեղձի համար։

Սամվել Ալեքսանյանը սպառնացել է բարձրացնել գները. «Հրապարակ»

Նամակ Փաշինյանին

Հատկապես անհանգստացած է Պանրագործների միությունը։ «Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ մեզ համար այդ խնդիրը շատ սուր է։ Պանրի ինքնարժեքում ԱԱՀ-ից դուրս հումքի, այսինքն կաթի բաժինը շատ բարձր է։ Դրան գումարվում է մեկ այլ հարց։ Մեր գործարանների մեծամասնությունը մեծ չէ և աշխատում է շրջանառության հարկով, ԱԱՀ չի գանձվում։ Այսինքն ստացվում է գանձման հետ կապված կրկնակի խնդիր», — ասաց միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն` առևտրի ցանցերը պահանջում են, որ արտադրողներն ապրանքը բաց թողնեն միայն ԱԱՀ-ի ապրանքագրով։ Այդպես սուպերմարկետները ցանկանում են լուծել իրենց ստուգումների հարցը։ Բայց ի՞նչ անեն արտադրողները։

«Մենք նամակ ենք գրել վարչապետին և մի քանի տարբերակ առաջարկել։ Դրանցից մեկը սուբսիդիաների կամ դրամաշնորհների տեսքով ԱԱՀ-ն վերադարձնելն է` ոչ մեծ պանրի գործարանների զարգացման համար։ Մյուս տարբերակը երկարաժամկետ է` գյուղատնտեսական արտադրանքի համար փոխել ԱԱՀ մեխանիզմը»։

Լուծումը մոտ է

Նկատենք, որ ԱԱՀ այլընտրանքային մեխանիզմ արդեն առաջարկվել է։ Կարճ ասած` 20 տոկոս ԱԱՀ-ն առաջարկել են կիսել գործարանի և խանութի միջև` 10-ական տոկոս։ Փորձագետները և գործարարները քննարկել են այդ տարբերակը ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի հետ, որը վերջերս գլխավորել է Պետեկամուտների կոմիտեն։ Մենք հենց նրան էլ դիմել ենք մեկնաբանությունների համար։

Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանի հայտարարած պայքարը. հնարավորություններ ու ռիսկեր

«Իհարկե, մենք հիշում ենք այս սխեմայի մասին։ Բայց դրա օգտին հանդես է եկել միայն պանրագործների միությունը։ Ոլորտի մյուս միություններն ինչ-ինչ պատճառներով կողմ չեն այդ գաղափարին։ Իսկ մենք` որպես պետություն, պետք է հետևենք նրանք, որպեսզի հարկերն ամբողջությամբ մուծվեն գանձարան, ինչպիսին էլ լինի սխեման», — ասաց Անանյանը։

Դե ինչ, բիզնեսի մյուս հատվածների` գինի, հյութեր, լոլիկի մածուկ արտադրողների անգործությունը զարմացնում է։ Եվ պարզ չէ, թե ով է գլուխ հանելու այս շիլայից։

«Ներկա իրավիճակում մեր հաշվարկները սփոփիչ չեն։ Որպեսզի մենք կարողանանք մեզ վրա վերցնել ԱԱՀ մի մասը, մենք պետք է ավելի էժան գնենք կաթը կամ ավելի թանկ վաճառենք պանիրը», — ասաց Գիգոյանը։

Առաջին դեպքում կարող են տուժել հարյուր հազարավոր գյուղացիներ, երկրորդ դեպքում` հարյուր հազարավոր սպառողներ։ Նոր իշխանություններին ձեռնտու չէ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Չէ՞ որ երկուսն էլ պոտենցիալ ընտրողներ են։ Իսկ կառավարությունը շարունակում է խոսել արտահերթ ընտրությունների մասին։