Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավարը «չի փախել». Անանյանը հեռախոսակապի մեջ է Հարությունյանի հետ

Վարդան Հարությունյանը երկրում չէ, սակայն նրա բացակայության պատճառը հայտնի չէ։ Նրա հաջորդը` Դավիթ Անանյանը, Հարությունյանի հետ հեռախոսակապի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Վարդան Հարությունյանն այդ պաշտոնում իրեն փոխարինող Դավիթ Անանյանին օգնում է աշխատանքային հարցերում։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց Կոմիտեի նոր պետ Դավիթ Անանյանը։

Ո՞ւր է տանում «Նորֆոլկի» կծիկը, ովքե՞ր են խառնված կոռուպցիոն սխեմայում. քննարկում ԱԺ–ում

Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Հարությունյանը փախել է երկրից, Անանյանը պատասխանեց, որ նման ձևակերպումը սխալ է։

«Նման բան չեմ ասի։ Որքան գիտեմ, նա հանրապետությունում չէ, սակայն ինչու է գնացել` չգիտեմ։ Կարող եմ ասել, որ ես ժամանակ առ ժամանակ որոշ հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց եմ ունենում նրա հետ։ Դա նորմալ գործընթաց է. նախկին ղեկավարը գործերը նորին է փոխանցում։ Հեռախոսազանգերին նա միշտ պատասխանում է», – հայտնեց Անանյանը։

Հարցին, թե արդյոք իր նախորդի նկատմամբ գործ հարուցվելու է, Անանյանը չպատասխանեց` նշելով, որ նա ֆինանսիստ է, ոչ թե քննիչ։