Ղարաբաղյան հարցում ուժի կիրառումն անընդունելի է. Լը Դրիան

Հայաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարներն այսօր համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ուղիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս համատեքստում մենք վերահաստատում ենք Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ գործընթացի խաղաղ կարգավորման համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը»,- ասաց Մնացականյանը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հավաստիացրեց, որ ֆրանսիական կողմը վճռական է իր միջնորդական առաքելությունը շարունակելու հարցում։

«Ինչպես պարոն Մնացականյանն ասաց իր ելույթում` մենք լիովին համամիտ ենք այս հարցում` ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը ընդունելի չեն»,- ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։

Լը Դրիանը հպարտությամբ հայտնեց, որ առաջին քաղաքական անձն է, ով հեղափոխությունից հետո պաշտոնական այցով Հայաստան է ժամանել։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին` ֆրանսիացի պաշտոնյան ընդգծեց այն պատասխանատվությունը, որ այդ օրերին դրսևորեցին ՀՀ քաղաքական ուժերը` թույլ տալով, որ մայիսի 8-ին նոր վարչապետ ընտրվի։

Ֆրանսիայի արտգործնախարարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Նա վստահեցրեց, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին և կօգնի ժողովրդավարություն կառուցել։

Ֆրանսիացի պաշտոնյան անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրին։

«Ֆրանսիան շատ ներգրավված է այս ոլորտում և Հայաստանը միակ երկիրն է, որ այսպիսի գործընկերություն պիտի ունենա»,- ասաց նա։

Երկօրյա այցով Հայաստանում գտնվող ֆրանսիացի պաշտոնյան այսօր հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի ու վարչապետի հետ։