Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան
Էրդողանն անպայման իր քարոզարշավում կօգտագործի Արցախը
Ի սկզբանե հասկանալի էր, որ Թուրքիայի նախագահը կպայքարի յուրաքանչյուր քվեի համար։ Եվ հարցն այն չէ՝ կհաղթի նա, թե կպարտվի։ Փաստն այն է, որ Էրդողանն այսօր իրական հակառակորդներ չունի Թուրքիայում։
Խնդիրը մեկն է` նա պետք է հավաքի առավել քանակությամբ քվեներ, քանի որ երկիրը փոխում է կառավարման խորհրդարանական ձևը՝ անցում կատարելով նախագահականի։
Եվ այդ զուտ քաղաքական համատեքստում Էրդողանին նախագահական ընտրությունների արդյունքում անհրաժեշտ է հաղթանակի առավելագույն օրինականություն։ Դե, որպեսզի հետագայում ավելի ազատ գործի քաղաքական հետնաբեմերում։
Չէ՞ որ իրականում Թուրքիայի նախագահը բոլորովին էլ չի հրաժարվում եվրոպացիներին «քամելու» և Եվրամիության լիարժեք անդամ դառնալու իր գաղափարից։ Իսկ դրա համար պետք է, որ նրա բռնատիրական գործողությունների օրինականությունը չենթարկվի ոչ՛ կասկածի, ո՛չ էլ Արևմուտքի դատապարտմանը։
Այնպես որ, ամենասկզբից հասկանալի էր, որ Էրդողանը, գիտակցելով արտահերթ ընտրություններում իր աներկբա հաղթանակը, ամեն դեպքում լայն աշխատանք կիրականացնի ամբողջ քարոզարշավի ընթացքում։
Այդ աշխատանքը, ի դեպ, սկսվել է Ալիևի՝ Անկարա կատարած այցելությունից, որը հենց այդ ժամանակ հերթական հաղթանակն էր տարել Ադրբեջանի նախագահական ընտրություններում և իսկույն մեկնել էր Թուրքիա՝ պատկերավոր ասած շտապելով նախագահական մարաթոնի հաղթողի դափնին հանձնել իր ավագ եղբորը։
Եվ, իհարկե, Ալիևի այցի ժամանակ արցախյան հակամարտության մասին շատ է խոսվել, որ Անկարան կանգնած է Բաքվի կողքին և պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել՝ հայերի «բռնազավթած» Արցախը Ադրբեջանին վերադարձնելու համար։
Դեռ այդ ժամանակ արդեն հասկանալի էր, որ ղարաբաղյան հակամարտության և ադրբեջանական շահերի պաշտպանության թեման հիմնական հաղթաթղթերից է, որը Էրդողանը կօգտագործի իր նախընտրական ելույթներում։
Թուրքիայի նախագահը ոչ մի դեպքում չի հրաժարվի Օսմանյան կայսրության հզորության մասին երազանքից
Սակայն իրականությունն ավելի համարձակ էր, քան կարելի էր ենթադրել։ Էրդողանը Լեռնային Ղարաբաղը «բռնազավթումից» ազատելու հարցը ներառեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության «Ընտրական հռչակագրում»։
Թուրքիայի նախագահն այդ հռչակագիրը հրապարակեց մայիսի 24-ին, երբ, օրենքի համաձայն, պետք է հրապարակվեր թուրքական իշխող կուսակցության նախընտրական ծրագիրը։
Արցախից բացի, հռչակագրում նաև նշվեց, որ Էրդողանի գլխավորած կուսակցությունը պայքար կմղի իր ընկեր, դաշնակից ու գործընկեր Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար։ Եվ ոչ միայն…
Հռչակագրի տեքստը, ինչպես մեկնաբանում են փորձագետները, բավական հետաքրքիր է այն առումով, որ ուրվագծում է Թուրքիայի նախագահի և նրա կուսակցության գործողությունները նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո, որոնք տեղի կունենան միաժամանակ։
Օրինակ` Էրդողանը խոսում է այն մասին, որ մտադիր է վերականգնել Թուրքական խորհրդի գաղափարը, որի համաձայն` Թուրքիան ակտիվորեն կընդլայնի և կամրապնդի իր կապերը Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ։
Հռչակագիրն ընդհանրապես ավելի շատ նման է Օսմանյան կայսրության հզորության վերականգնմանն ուղղված ծրագրի, որում Էրդողանին վաղուց են մեղադրում։
Հետևյալ մեջբերումը ինչ ասես արժե. «Մենք կպաշտպանենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Ղրիմի հարցում։ Կշարունակենք պայքարը Կիպրոսի խնդրի արդար լուծման համար, կշարունակենք աջակցել պաղեստինցիներին։ Սիրիական հողերը կմաքրվեն ահաբեկիչներից։ Մենք հանդես կգանք Սիրիայի նոր լեգիտիմ կառավարության օգտին, որի հետ կհաստատենք բարիդրացիական հարաբերություններ»։
Սակայն նույնիսկ այս ամենի ֆոնին Արցախի մասին հայտարարությունները հատուկ տեղ են զբաղեցնում։
Ծանրքաշայինների առկայության դեպքում Անկարայի աջակցությունը ոչինչ չի տա Բաքվին
Ընդհանրապես Էրդողանի PR-ի մասնագետների քարոզչական ագիտացիան կառուցվում է թուրք ժողովրդի թշնամիներ փնտրելու վրա, և այդ առումով քրդերը կարող են համեմատվել հայերի հետ։ Ո՛չ Ղրիմի թուրքերի խնդիրը, ո՛չ պաղեստինցիների հետ կապված իրավիճակը, ո՛չ էլ Կիպրոսն այդ երկու գործոնների հետ չեն համեմատվի։
Եթե Էրդողանը սկսի շոշափել ուկրաինական տարածքային ամբողջականության հարցը, ապա կբախվի ահարկու մրցակցի՝ Ռուսաստանի հետ։
Կիպրոսի դեպքում հարցն այդքան էլ սուր դրված չէ. այնտեղ պետք է գործ ունենալ «ընդամենը» Հունաստանի հետ։ Բայց այնտեղ Էրդողանի համար կա անհաղթահարելի գործոն` Հունաստանը, որը Թուրքիայի նման ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, և նրանց միջև տարաձայնությունները տվյալդեպքում ձեռնտու չեն ամերիկացիներին։
Ինչ վերաբերում է պաղեստինցիների հետ կապված խնդրին, ապա այստեղ էլ Էրդողանը կբախվի Իսրայելի հետ (հետևաբար ԱՄՆ-ի), որը առանց այդ էլ սրել է ատամները՝ սպառնալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը…
Այնպես որ այդ ուղղություններում Անկարան պետք է առավելագույն զգուշությամբ գործի։ Կրկին ձևացնի, որ իր տեսակետն ունի և աջակցում է ուկրաինացիներին, Կիպրոսի թուրքերին և պաղեստինցիներին, բայց, ինչպես ասվում է, զգուշությամբ՝ գերտերություններին խիստ չզայրացնելու համար։
Իսկ ինչ վերաբերում է քրդերին և արցախյան կարգավորմանը, այստեղ Էրդողանը հավանաբար փորձում է մանևրել։ Առավել ևս, որ ամերիկացիները դեմ չեն իրենց դաշնակից քրդերին «փոխարինել» թուրքերով…
Բայց Արցախի դեպքում ամեն ինչ այլ է։ Այս հարցում Էրդողանը ճակատագրական սխալ է գործում։ Չէ՞ որ կտրուկ արձագանքները, թե Թուրքիան «չպիտի համարձակվի քիթը խոթել» արցախյան հակամարտության գործընթացի մեջ, բազմիցս հնչել են թե՛ Մոսկվայից, թե՛ Թեհրանից։
Ամեն ինչ տրամաբանական է. երկիրը, որը հակամարտության մեջ պաշտպանում է հակամարտող կողմերից միայն մեկին, այդ գործընթացում ընդգրկվելու իրավունք պարզապես չունի։ Դա դոգմա է, որը համաշխարհային քաղաքական ասպարեզում ընդունված է բոլորի կողմից։ Առնվազն` պաշտոնական մակարդակում։
Այդ առումով պետք է փաստել, որ Ադրբեջանին, չնայած Անկարայում հնչող ամպագոռգոռ հայտարարություններին, ոչինչ բաժին չի հասնի։ Հավանաբար Էրդողանն ընդամենը խաղարկում է արցախյան քարտը իր նախընտրական PR արշավի ժամանակ, և ուրիշ ոչինչ։
Գործընթացում ընդգրկված են այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնց ներկայությամբ Թուրքիան անելիք չունի։