Տիեզերագնացները հայկական դրոշը ծածանեցին Միջազգային տիեզերակայանում

Սանկտպետերբուրգցի բարերարի արտասովոր նախաձեռնությունն արժանացել է «Ռոսկոսմոսի» և կաթողիկոսի հավանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի և Երևանի պետական դրոշները ծածանվել են Միջազգային տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օրհներգի կռիվ. արդյո՞ք ժողովուրդն ու ՀՀ կառավարությունը «կաջակցեն» Արամ Խաչատրյանին

Դրոշներն ուղարկել են տիեզերք 2018 թվականի սկզբին պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ։

Նույն ժամանակահատվածում Հրաչյա Պողոսյանը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն` իր նախաձեռնության համար օրհնություն ստանալու համար։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավանություն է տվել արտասովոր գաղափարին և իր օրհնությունը տվել դրոշները տիեզերք ուղարկելու համար։

Մարտին Հրաչյա Պողոսյանը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ներկայությամբ դրոշները փոխանցել է Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմևին, որն էլ պետք է դրանք հասցներ Միջազգային տիեզերակայան։

Օլեգ Արտեմևը («Ռոսկոսմոս», Ռուսաստան) ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի և Ռիչարդ Արնոլդի հետ ընդգրկված է «Սոյուզ ՄՍ-08» տիեզերանավի անձնակազմում։ Նրանք մարտի 21-ին երկարատև արշավի են մեկնել Միջազգային տիեզերակայան-55/56։

Այժմ Հայաստանի դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ` սպասելով վերադարձին։

Տիեզերանավը Երկիր կվերադառնա սեպտեմբերին։ Իսկ հոկտեմբերին Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Երևան կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև տիեզերագնացները։ Հյուրերը դրոշները կփոխանցեն ՀՀ-ի և Երևանի ղեկավարներին։