Լրագրողների ֆուտբոլի մրցաշարն այցեքարտ է զբոսաշրջիկների համար

Յոթ երկրի լրագրողները կմասնակցեն մայիսի 28–ին Առաջին հանրապետության 100–ամյակին նվիրված հանդիսություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Երևանում մայիսի 26-ին տեղի կունենա լրագրողների ֆուտբոլի 2-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն յոթ երկրի լրատվամիջոցների թիմեր։ Միջոցառումը մարզական ու զբոսաշրջային իսկական տոն կդառնա։ Այս տարի մրցաշարը նվիրած է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին։

«Հայաստան կժամանեն ավելի քան 100 լրագրողներ Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից և Լիտվայից։ Սա պարզապես մարզական միջոցառում չէ, այլ շատ լավ հնարավորություն` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու, մեր երկրի գեղեցկությունը ցույց տալու համար», — Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը։

Թեև խաղը կկայանա մայիսի 26-ին, այդուհանդերձ մասնակիցներից շատերը Հայաստան կժամանեն վաղը` մայիսի 24-ին, որպեսզի հասցնեն տեսնել Հայաստանը, այցելել երկրի տեսարժան վայրեր։ Հյուրերը կայցելեն Երևանի կոնյակի գործարան, իսկ հաջորդ օրը նրանց կսպասեն Սևանում։

Լրագրողները նաև կմասնակցեն մայիսի 28-ին Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսություններին։ Մրցաշարի կազմակերպիչ Դավիթ Ալավերդյանը հայտնեց, որ նրանք կվերադառնան այդ օրը երեկոյան։

Ովքե՞ր և ինչո՞ւ չկան Վարդան Մինասյանի հայտացուցակում

«Առաջին անգամ ամեն ինչ շատ լավ էինք կազմակերպել, մեր բոլոր հյուրերը գոհ մնացին, հետաքրքիր նյութեր պատրաստեցին Հայաստանի մասին: Վստահ ենք, որ այս անգամ էլ նրանց դուր կգա», — ասաց նա։

Անցած տարի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը Վրաստանի և Լիտվայի հավաքականներից հետո։ Ալավերդյանը նշեց, որ այս տարի թիմը հաղթելու վճռականություն ունի։ «Թեև հավաքականի տարիքային կազմը թույլ չի տալիս ինչ-որ հրաշքների հույս ունենալ, պետք է հաշվի առնել, որ մրցակիցներն էլ արդեն երիտասարդ չեն»,- կեսկատակ ասաց Ալավերդյանը։

Մրցաշարի գլխավոր հովանավորը «ՎՏԲ Հայաստան» բանկն է։

Բանկի գլխավոր տնօրեն–Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը հայտնեց, որ մեծ հաճույքով են որոշել հովանավորել այս միջոցառումը։