Միհրան Պողոսյանը օֆշորային նոր բացահայտումներից չի վախենում

ՀՀԿ–ական պատգամավորն անգամ ուրախ կլինի, եթե գործը վերաբացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ԱԺ ՀՀԿ պատգամավորն օֆշորային նոր սկանդալից ու նոր բացահայտումներից չի վախենում։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Ինչ կարող էր բացահայտվել, վաղուց արդեն բացահայտված է»,- ասաց նա։

Ավելին՝ Միհրան Պողոսյանն անգամ ուրախ կլինի, եթե գործը վերաբացվի։

«Շատ ուրախ կլինեմ, որ հանրությունը մեկ անգամ ևս համոզվի, որ այն, ինչ ես բազմիցս ասել եմ, եղել է ճշմարտություն»,- ասաց Պողոսյանը։

Կոշտ պատասխան Վիգեն Սարգսյանին. որտե՞ղ է պետք փնտրել Գրիգորյան–Սարգսյան բանավեճի ակունքը

Հիշեցնենք` 2016թ-ին հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցը բացահայտել էր օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների ու դրանց սեփականատերերի մասին տեղեկություններ։ Տվյալների այդ բազայում կային նաև ԴԱՀԿ ծառայության այն ժամանակվա պետ Միհրան Պողոսյանի և նրա մորեղբայրների՝ Գրիգորի և Միխայիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները։

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated) «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated) «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Բացահայտված փաստերով հարուցվեց քրեական գործ, ակսվեց նախաքննություն, որը, սակայն, ավելի ուշ դատարանի որոշմամբ կարճվեց։

Չի բացառվում, որ գործը կարող է վերաբացվել ՀՀ նոր կառավարության հայտարարած հակակոռուպցիոն պայքարի շրջանակում։