ՌԱԴԻՈ

Բալայան. «Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»

Հայաստանը չպետք է հրաժարվի բանակցություններից, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորման հասնել։
Sputnik
Տիգրան Բալայան

Ստեփանակերտը պետք է ավելի ակտիվ մասնակցի արցախյան բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Փաշինյանը ժամանակին բարձրացրեց Արցախի` բանակցությունների գործընթացին վերադառնալու հարցը

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության հարցում հասարակական կոնսենսուս կա։

«Հայաստանի դիրքորոշումը` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, փոփոխություն չի կրել։ Այն, որ մենք պնդում ենք` Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, նորություն չէ. ԱԳՆ-ն նախկինում էլ էր խոսում դրա մասին», — ընդգծեց Բալայանը։

Նրա խոսքով` հիմա իրավիճակը փոխվել է, ու Արցախի մասնակցությունը բանակցություններին պետք է ավելի զգալի լինի։

«Այսօր մեր նպատակն է, որ Ադրբեջանի իշխանությունները հստակ հասկանան` կարգավորմանը հասնելու համար պետք է Արցախի հետ բանակցությունների սեղան նստել։ Մենք` որպես Արցախի երաշխավոր, շարունակում ենք բանակցությունները, մենք դրանցից չենք հրաժարվում, երբ խոսում ենք այն մասին, որ հաստատուն խաղաղության ու հակամարտության կարգավորման համար Ղարաբաղի մասնակցությունն է անհրաժեշտ», — ասաց Բալայանը։

Նրա խոսքով` Արցախն այսպես թե այնպես ներառված էր բանակցային գործընթացում։ Դա հաստատող փաստաթղթեր կան։ Միաժամանակ Ադրբեջանը մերժում է ուղիղ բանակցությունները։

Առանց Արցախի բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել. Փաշինյան

ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ 1994 թվականի հրադադարը կնքվել է Արցախի ու Ադրբեջանի միջև։

Նրա խոսքով` հարցը պետք է խաղաղ հունով լուծվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Իսկ ապրիլյան պատերազմից հետո` նաև Վիեննայում ու Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Բալայանը հայտնեց, որ համանախագահները Երևան են գալու հունիսին։ Հիմա կոնկրետ ժամկետներն են քննարկվում։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, այս պահին այդպիսի պայմանավորվածություններ չկան։