ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ նորանշանակ նախարարներն արդեն ՀՀ նախագահի նստավայրում են։
Կառավարության անդամներն առաջին անգամ իրենց պարտականությունների կատարմանը հավատարմությունը կփաստեն երդումով։
Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երդմնակալության արարողություն է նախատեսվել գործադիր մարմնի անդամների համար։
Նոր կառավարության անդամների երդման համար օրենքով նախատեսված է երդման հետևյալ տեքստը.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Ի դեպ, մինչ նախագահական նստավայր մուտք գործելը կառավարության անդամներից ոմանք մուտքի մոտ պատասխանեցին լրագրողների հարցերին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ դեմ չէ երդման գաղափարին։ «Որքան պարտավորեցնող, այնքան լավ»,- ասաց նա։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խոստովանեց` երդման արարողությանը ծանոթ չէ, բայց դեմ չէ։
Բնապահպանության նախարարն էլ դեմ չէ երդվել, հատկապես որ առաջին անգամը չէ` բանակում արդեն երդվելու պատիվ ունեցել է։
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ համոզված է` երդումից զատ, կարևոր է նաև անձնական պատասխանատվությունը: