Հայաստանը ռուսական «Տոր» ԶՀՀ կստանա

«Տոր» զենիթահրթիռային համալիրները կուժեղացնեն հայկական երկնքի անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Հայաստանի ԶՈՒ–ն մոտակա ամիսների ընթացքում կհամալրվի «Տոր» զենիթահրթիռային համալիրներով։ Այս մասին «Զինուժ» հեռուստահաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Նշվում է, որ անցած 26 տարիներին Հայաստանի ՀՕՊ զորքերը մշտապես կատարելագործվում էին` համալրվելով ժամանակակից սպառազինությամբ և զինտեխնիկայով։ Պատահական չէ, որ ԶՈՒ զարգացման 7-ամյա ծրագրում լուրջ դեր է հատկացվել ՀՕՊ միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը։

Արցախյան սահմանին 3000 կրակոց է հնչել. Ադրբեջանը չի դավաճանում իր սկզբունքներին

«Արդյունքում, ամիսներ անց ՀՕՊ զինատեսակների շարքում իր հատուկ տեղը կզբաղեցնի «Տոր» ԶՀՀ-ն», – ասաց հաղորդավարը։

Համակարգի հնարավորությունները ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։

««Տորը» գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որն ունակ է ավտոմատ ռեժիմով, նույնիսկ առանց անձնակազմի միջամտության, միաժամանակյա բոլոր սպեկտորների օդային հարձակման միջոցների, այդ թվում բարձր ճշգրտության հրթիռների դեմ պայքար վարել», – ասել է Պողոսյանը։

Նշենք, որ «Տոր» ԶՀՀ-ն ստեղծված է տակտիկական մակարդակում օդից ռազմական, տնտեսական և այլ օբյեկտներին հասցված հարվածներից պաշտպանելու համար։ ԶՀՀ-ն կարող է արդյունավետ պայքարել տարբեր տեսակի հրթիռների (այդ թվում` թևավոր և հակառադիոլոկացիոն), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։

«Ողջույն, զենք». Հայաստանն ինչի համար կծախսի ռուսական վարկը

2015 թվականից Ռուսաստանի ՀՕՊ սպառազինությունը համալրված է «Տոր-2Մ»-ի մոդիֆիկացիայով։ Դա նոր սերնդի զենք է  և առավել արդյունավետ է ռադիոէլեկտրոնային հակազդման զանգվածային օդային հարձակումները հետ մղելու համար։

Նոր «Տոր-Մ2»-ը պատրաստ է հայտնաբերել և  խոցել միաժամանակ մինչև 4 օդային թիրախ։ 9А331М մարտական սարքը կարողանում է ինքնուրույն հայտնաբերել, ուղեկցել և խոցել մինչև 15 կմ հեռահարություն և մինչև 10 կմ բարձրություն ունեցող  թիրախները։ «Տոր-Մ2»-ի արձագանքման ժամանակը 4.8 վայրկյան է։ «Տոր-Մ2»-ի մոդիֆիկացված տարբերակի մեջ է մտնում նաև լրացուցիչ մինչև 16 հրթիռ, ռազմամթերքը տարբերվում է բարձր ճշգրտությամբ և խոցման ընդլայնված գոտիով։

Համալիրի հիմնական տարբերվող առանձնահատկությունն ընթացքի մեջ, առանց կանգ առնելու կրակ բացելու հնարավորությունն է։

Ամենակատարելագործված տեսակը «Տոր-Մ1-2Ու»-ն է, որով զորքերը սկսել են  համալրվել 2012 թվականից։

2015 թվականին Իժևսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանում սկսել են սերիական արտադրությամբ թողարկել երկու նոր համալիրներ` «Տոր-Մ2Ու» և «Տոր-Մ2Է(Կ)» ԶՀՀ-ները` արտահանման համար։