Բաքվի սպասելիքները. ի՞նչ կտան Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունները

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք ստացան Ադրբեջանում, որը, փորձագետների կարծիքով, հարմար պահի է սպասում, ստատուս քվոն փոխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի հետ կապված հայտարարությունները իրենց խստությամբ տարբերվեցին նախորդ իշխանությունների դիրքորոշումներից։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում գտնվելիս Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անմիջական մասնակցություն ունենա արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին, քանի որ Երևանը խոսելու է միայն Հայաստանի անունից։ Բացի այդ, քանի դեռ Ադրբեջանն ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում և խոսում է Հայաստանի տարածքները գրավելու մասին, փոխզիջումներ քննարկելն անիմաստ է։

Արցախյան դուել. Կազիմիրովը վերլուծում է Լևոն Տեր–Պետրոսյան–Վիգեն Սարգսյան հակամարտությունը

Արդյո՞ք այդ պայմաններում հնարավոր է վերսկսել Արցախի վերաբերյալ բանակցությունները, Sputnik Արմենիան պարզաբանում է փորձագետների հետ միասին։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այսօր հակամարտությունը կարգավորելու համար պայմաններ չկան։

Նրա խոսքով` Ադրբեջանը ներկա պահին որևէ փոխզիջման պատրաստ չէ գնալ։

«Փոխզիջումներ առաջարկելու Երևանի կոչերին ու փորձերին ի պատասխան Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքը իր պատմական հողերն են։ Այդ պայմաններում խոսել Արցախյան հակամարտության կարգավորման մասին անիրական է», – ասաց Հարությունյանը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ամբողջովին կիսում է Փաշինյանի կարծիքը` քանի դեռ Իլհամ Ալիևը չի հրաժարվում ագրեսիվ հռետորաբանությունից, բանակցությունների մասին խոսելն իմաստ չունի։

«Համանախագահները մինչ օրս Ադրբեջանի այդ պահվածքին համապատասխան գնահատական չեն տվել, չեն փորձել սանձել նրան` խիստ հայտարարություններ չեն եղել», – ասաց Բոզոյանը։

Ինչ վերաբերում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին, ապա, նրա խոսքով, դա բավական խնդրահարույց է։ Ադրբեջանը կհրաժարվի նման ձևաչափից` փորձելով բանակցային գործընթացում առաջացած փակուղու մեղքը գցել Հայաստանի վրա։

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանն այդ հարցում պետք է ավելի ճկուն դիրքերից հանդես գա։ Առավել ևս, որ համանախագահներն ընդունում են` եթե Երևանն ու Բաքուն ընդհանուր հայտարարի գան, բանակցություններին պետք է միանա նաև Արցախը։

Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիևի հետ և Արցախը վերադարձնել բանակցային սեղանի մոտ

«Բանակցային գործընթացի սառեցումը վտանգավոր է տարածաշրջանի համար, քանի որ աճում է պատերազմի վտանգը։ Մինչ այս բանակցությունները զսպում էին լայնածավալ ռազմական գործողությունները», – ասաց Բոզոյանը։

Այն, որ ներկայիս պայմաններում և Բաքվում Փաշինյանի արված հայտարարության նկատմամբ ոչ միանշանակ արձագանքի ու ընկալման ֆոնին, բանակցությունների անցկացումը հազիվ թե հնարավոր է, համոզված է նաև արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

«Ադրբեջանում բազմաթիվ քննադատություններ են հնչել, ինչպես պաշտոնական, այնպես էլ կառավարության կողմից վերահսկվող փորձագիտական մակադրակով, հատկապես` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցի վերաբերյալ», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի պաշտոնական շրջանակների համար Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը քիչ բան փոխեց Արցախի հարցում։

Մյուս կողմից` Բաքվում Հայաստանում առկա ներկայիս իրավիճակը դիտարկում են որպես հնարավորություն Արցախում ստատուս քվոն փոխելու համար։

«Որոշ մեկնաբանություններում նշվում է, որ Ադրբեջանը պետք է սպասի Հայաստանում դեպքերի զարգացմանը, ավելի շատ սրացմանը։ Բացի այդ, այնտեղ սպասում են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացմանը` ռազմական գործողություներ սկսելու համար», – նշեց Տոնոյանը։

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել էին, որ այս տարվա հունիսին պլանավորում են հանդիպում ՀՀ նոր ղեկավարության հետ։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ասել էր, որ Բաքուն հակված է սուբստանտիվ բանակցություններ վարել։