Փաշինյան–Պուտին առաջին հանդիպումը կայացավ. լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեցին Սոչիում։

Պուտինը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական և անվտանգության բնագավառի գործընկերն է։ Ռուսաստանյան ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ շուրջ 35% են կազմում։ Վերջին շրջանում առևտրաշրջանառության աճ է գրանցվել շուրջ 25%-ով։ Առաջանցիկ տեմպերով աճում է նաև գյուղմթերքի արտահանումը Հայաստանից դեպի ռուսական շուկա։ Նախորդ ամիսներին այդ բնագավառի աճը 38% է կազմել։

«Դա շատ լավ դինամիկա է, և հույս ունեմ, որ այն ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա»,- ասաց Պուտինը` Նիկոլ Փաշինյանին շնորհավորելով վարչապետի պաշտոնում նշանակվելու համար։

Նա հույս հայտնեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան, երկրները կպահպանեն իրենց գործընկերային հարաբերությունները ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կառույցներում։

Փաշինյան–Ռոհանի բանակցություններ. փորձագետները խոսում են հարաբերությունների նոր էջի մասին

Նա հիշեցրեց, որ մասնավորապես` ՄԱԿ-ում Հայաստանն ու Ռուսաստանը միշտ աջակցել են միմյանց։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև կան քննարկման ենթակա հարցեր, բայց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարցերն անքննելի են։

«Ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել և չի դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանն այսուհետ ևս զարգացնելու է ՌԴ-ի հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները։ Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես ռազմական արդյունաբերական բնագավառում երկու երկրների փոխհարաբերություններին։ 

«Մենք բարձր ենք գնահատում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ ձեր երկիրն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի նկատմամբ։ Շատ կառուցողական դիրքորոշում էր։ Եվ դա բարձր է գնահատում ոչ միայն մեր կառավարությունը, այլև հանրությունը», — Պուտինին ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը հանդիպեցին. ինչի՞ մասին են խոսել

Նա նաև նշեց, որ ինչպես այսօր, այնպես էլ ներքաղաքական պայքարի օրերին Ռուսաստանից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին այցելում Հայաստան։

«Դա շատ հաճելի է։ Կարծում եմ` նրանց դուր է գալիս»,- ասաց Փաշինյանը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

ՀՀ վարչապետը Սոչիէմեկնել մայիսի 13-ին` մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
1 / 2
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
2 / 2
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը