ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը կքննարկվի Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացնելուց հետո։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նա կարծում է` զուտ տեխնիկապես ավելի ճիշտ կլինի, որ ընտրությունները գագաթնաժողովից հետո անցկացվեն։
Այս տարվա հոկտեմբերին կայանալիք մեծ միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մոտ 80 ֆրանսալեզու երկրների առաջնորդները, հսկայական դերակատարություն կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակության համար։ Հակոբյանը կարծում է, որ վարչապետն այս միջոցառումն իր համար առավելագույնս շահավետ կդարձնի։
«Սակայն միաժամանակ Հայաստանի քաղաքական գործընթացի կողմերը շահագրգռված են, որ արտահերթ ընտրությունները նվազագույնը կես տարի անց կայանան։ Կարծում եմ` ընտրությունները լավագույն դեպքում տարեվերջին կանցկացվեն», — ասաց նա։
Նշենք, որ դեռ հանրահավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մասին, ըստ որի` խորհրդարանը կմերժի կառավարության ծրագիրը ու կցրվի։ Հիմա Փաշինյանի առաջնահերթությունները փոքր-ինչ փոխվել են։ Ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունը ևս մի քանի ամիս էլ կաշխատի։
Քաղաքագետ Ալեքսանդր Մակարովը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թեև հիմա չի խոսվում արտահերթ ընտրությունների ժամկետների մասին, Փաշինյանն ու նրա թիմն իսկապես ուզում են փոխել ուժերի հարաբերակցությունը Ազգային ժողովում։ Հիմա խորհրդարանական մեծամասնություն է կազմում Հանրապետական կուսակցության խմբակցությունը, որը հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։
«Հասկանալի է, որ տվյալ պահին արտահերթ ընտրություն անցկացնելու համար սահմանադրական հիմքեր չկան։ Կառավարության ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի, ու խորհրդարանը ցրելու համար հիմք չի լինի», — ասաց փորձագետը։
Մարկարովը նաև ընդգծեց, որ այժմ Հայաստանում նոր կառավարության հետ կապված բավականին դրական ակնկալիքներ կան։
Սա բավականին կարևոր սոցիալական կապիտալ է, որին տիրապետում է Փաշինյանի կառավարությունը, ու եթե այդ կապիտալն ուղղվի քաղաքական վերափոխումներին, ապա մեծ հավանականություն կա, որ երկրում իրական բարեփոխումներ կլինեն։