Բրիտանացի գործարարները կգան Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջուդիթ Ֆարնուորթին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթը, հանդիպման ընթացքում, անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին և հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Անդրանիկ Մարգարյանի ժառանգությունը Նիկոլ Փաշինյանին. վարչապետի աթոռի իրական արժեքը

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ և ավելացրել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են լինելու մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: Վարչապետի խոսքով՝ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը: «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար, իսկ կառավարությունը, յուրաքանչյուր քայլ իրականացնելիս, հաշվետու է լինելու հասարակությանը»,- ընդգծել է վարչապետը:

Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և այլ ուղղություններով:

Տիկին Ֆարնուորթը կարևորել է նաև տնտեսական կապերի ամրապնդումը և ավելացրել, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին և հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: