Երևում է` բանակցությունների «առարկայությունը», որով այդքան մտահոգված են Հայաստանից դեպի արևելք գտնվող պետական ձևավորումում, նշանակում է անվերապահորեն հետևել միայն ապշերոնյան տեսակետներին։ Իսկ այդ տեսակետները փոխվում են` կախված իրավիճակից ու ընթացիկ պահից, մասնավորապես, հենց այդ փոփոխականության պատճառով էլ բանակցությունները մնացել են մեռյալ կետում։
Ապշերոնում ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ ու շարունակում են իրենց դրոշները տեղադրել որտեղ պատահի։ Որոշել են դրոշ պարզել Երևանում ու Սյունիքում, հիմա ասում են` հերթը հասնելու է Շուշիին ու Ստեփանակերտին։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որում նա արտահայտվել է այդ համեստ ու ինքնատիպ համոզմունքը, նրա ասածում հատուկ խորհուրդ է տեսել. «Խորհրդանշական է, որ հարևան երկրի բռնապետը այս հայտարարությունն արել է մի մարդուն նվիրված միջոցառմանը, որը ևս այդպես մտածեց եւ ձախողվեց։ Այդպիսի ճակատագիր է սպասվում նաև նրա որդուն։ Հայրը բավական իմաստուն գտնվեց ժամանակին կանգ առնելով՝ հրադադար խնդրելով։ Ադրբեջանի ժողովրդին մնում է հուսալ, որ այդ իմաստությունը, գոնե դրա մի մասը, ժառանգաբար փոխանցված կլինի»։
Այստեղ հասավ նաև Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալիֆ Խալիֆովը։ Հայաստանի արևելյան հարևանը սիրում է տեղի ու անտեղի հիշել ՄԱԿ-ի տարատեսակ բանաձևերն ու ԵԱՀԿ մանդատները, իհարկե կա՛մ աղավաղելով դրանց իմաստը, կա՛մ լռելով ամենակարևորի մասին։ Իսկ հիմա Խալիֆովն ընդհանրապես մոռացել է, որ 1992 թվականի ԵԱՀԿ մանդատի համաձայն, Լեռնային Ղարաբաղը հակամարտության լիիրավ կողմ է։
Եվ ահա, ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Խալիֆովը դա անհեթեթություն է անվանել` հայտնելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է և չի կարդող բանակցությունների կողմ լինել։ Դե ինչ, Ապշերոնում այդպես են կարծում` խնդրեմ, նրանց կարող է մտափոխել թերևս միայն իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Ապշերոնից բացի Արցախն «ադրբեջանական տարածք են համարում» միայն Անկարայում ու Իսլամբադում, գուցե նաև Էր Ռիադում ապրող անձանց մի նեղ շրջանակ. այս բոլորը համաշխարհային ժողովրդավարության խոշորագույն կենտրոններ են, այո։
Եթե քաղաքակիրթ աշխարհում այդպես կարծեին, ապա չէին լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի դեմս խոշոր համաշխարհային գերտերությունների, ու այդ համանախագահները հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների համար Ստեփանակերտ չէին գնա։
Ստեփանակերտի` նույնիսկ ձևական բացակայությունը բանակցությունների սեղանի մոտ անոմալիա է։ Բաքվի համար այդքան բաղձալի «առարկայական» բանակցությունները հնարավոր են միայն այն պայմաններում, երբ հակամարտության իրական կողմերից մեկը լիարժեք, այլ ոչ թե անուղղակի մասնակցություն ունենա։ Դա ակնհայտ ու տրամաբանական է ցանկացած սթափ ու անկանխակալ մարդու համար։
Սակայն Ապշերոնի համար տրամաբանությունը ոչինչ չի նշանակում, նրանք վաղուց հրաժեշտ են տվել այդ կատեգորիային` նախընտրելով դրոշների դատարկ բազմություն պարզելու ցանկությունը։ Նայում են քարտեզին ու դրոշ են պարզում։ Միաժամանակ քաղաքականության ապշերոնյան քարտեզագրերը ձևացնում են, թե մոռանում են` ինչպես է ХХ վերջը նշանավորվել նրանով, որ այն տարածքը, որտեղ նրանք կարող են դրոշներ պարզել, զգալիորեն կրճատվել է։
Արևելքում գտնվող պետական ձևավորումը լայնածավալ պատերազմի պատրաստ չէ ո՛չ տեխնիկապես, ո՛չ հոգեպես։ Թեկուզ այն պատճառով, որ պատերազմը սպառնում է առաջին օրերի ու ժամերի ընթացքում անվերադարձ կորցնել էներգակիրների ճանապարհը։ Ու այնտեղի իշխող վերնախավը շատ լավ գիտակցում է, որ իշխում է, քանի դեռ նավթ է հոսում, որ խողովակատարերի կորուստն ակնթարթային ու անվերապահ հեռացում է նշանակում։ Գուցե կփորձեն մեկ-երկու բլուր «կրծոտել», ինչպես փորձեցին երկու տարի առաջ, բայց ապշերոնյան այսօրվա վերնախավի համար խոշոր պատերազմը հավասար է քաղաքական ինքնասպանության։
Չէ, իհարկե կարելի է զինվոր-զինվոր խաղալ ու քարտեզի վրա դրոշակներ դնել։ Քանի դեռ նավթն անխափան հոսում է, կարելի է։ Բայց «առարկայական» բանակցությունները բոլորովին այլ բան են։ Ու եթե մեկի նկատմամբ հավակնություններ ունես` օբյեկտիվ, թե անհիմն, ապա տարրական տրամաբանությունը թելադրում է խոսակցություն սկսել այդ հավակնությունների հասցեատիրոջ հետ, այլ ոչ թե նրա բարեկամների, հարևանների կամ լրիվ օտար քեռիների հետ։