Համբերեք, կիմանաք. ՀՀԿ-ն քվեարկությունից առաջ չի ուզում բացել փակագծերը

ՀՀԿ–ն պնդում է` իրենց դիրքորոշումը չեն փոխել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իրենց դիրքորոշումը չեն փոխել, իսկ թե ինչպես են քվեարկելու, առաջարկեց կես ժամ սպասել ու տեսնել:

Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիևի հետ և Արցախը վերադարձնել բանակցային սեղանի մոտ

«Մեր որոշումը քաղաքական է, և մենք ենք խնդրել ու հորդորել այն պատգամավորներին, ովքեր կողմ պետք է քվեարկեն»,- ասաց Բաղդասարյանը:

Իսկ թե քանի հանրապետական պատգամավոր և ովքեր են կողմ քվեարկելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չցանկացավ բացահայտել:

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած ծրագրային դրույթներն ընդունելի են ՀՀԿ-ի համար, Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց.

«Մի փոքր համբերեք, կլսեք: Իմ ելույթում բոլոր հարցերի պատասխանը կստանաք»:

ԱԺ-ում շարունակվում է ՀՀ վարչապետի ընտրությանը նվիրված ԱԺ նիստը: Նիստին մասնակցում են 105 պատգամավորներից 100-ը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պատգամավորները հարցեր չուղղեցին: Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: