Ի՞նչ էր ուզում Կարեն Կարապետյանը «վաղվա Հայաստանի» համար. 13 միտք նախկին վարչապետից

Ի՞նչը կարող է երջանկություն կամ բարձրագույն հաճույք պատճառել կառավարչին, ի՞նչը կարող է զարմացնել վարչապետին, և ի՞նչ պիտի անի էլիտան, եթե հասարակությունը բողոքում է այդ էլիտայից։ Այս և այլ հարցերի պատասխանները` Կարեն Կարապետյանի հնչեցրած մտքերում։
Sputnik
  1.  «Ո՞րն է իմ մոտիվացիան: Ես ուզում եմ, որ մեր երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ՝ պատրաստ եմ մինչև վերջ իմ կարողությունները ներդնել: Հենց զգամ, որ օգուտ չեմ տալու՝ մեկ օր ավել չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո: Դրայվը չասեմ»: (Հարցազրույց 4 հայկական հեռուստաընկերություններին, 2016թ. հոկտեմբեր)
  2. «Յուրաքանչյուր կառավարիչի համար ամենամեծ երջանկությունը կամ ամենաբարձրագույն հաճույք կարող է լինել այն, եթե դու կարողանում ես ծառայել քո երկրին և արդյունք ցույց տալ: Իրականում բարդ է, անձնական կյանք չունեցող աշխատանք է: Ցավոք սրտի, իմ առօրյայում հիմա որևէ անձնական հետաքրքրություն գոյություն չունի: Երկու ռեժիմ է՝ կամ այստեղ եմ, կամ տեղաշորում փորձում եմ քնել»: (Կառավարության 100 օրվան նվիրված ասուլիս, 2017թ. հունվար)
Ինչի՞ց է կախված Կարեն Կարապետյանի ապագան
  • «Էլիտան որոշ իմաստով հասարակության «ճակատային մասն է», ազգի «ճակատային մասը»: Եվ եթե հասարակության մեջ խնդիրներ, թերըմբռնումներ, բողոքներ կան էլիտայի հետ կապված, ապա վերջինս պետք է փոխվի»։ (МИР հեռուստաընկերությանը տված հարցազրույց, 2017թ. հունվար)
  • «Մի առիթով ինձ հարցրել են, թե ինչպե՞ս եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Եղե՛ք անկախ, եղե՛ք ակտիվ և սիրե՛ք ձեր երկիրը» (Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպում, 2017. հունվար)
  • «Ուզում եմ վստահ լինեք, որ մենք որևէ պոպուլիստական բան չենք ասում, չենք փորձել արհեստական դուր գալ: Ասում ենք այն, ինչի տակից կարող ենք դուրս գալ: Մենք վստահ ենք, որ այն ինչ հայտարարում ենք, անելու ենք, այդ վճռականությունն ունենք»։ (Քարոզարշավի ընթացքում ունեցած ելույթներից, 2017թ. մարտ)
  • «Ուզում եմ՝ ռեալիստ լինենք և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: Մեր երկիրը շեն և բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է: Մենք կհաջողենք, եթե շարունակաբար զարգանանք, կրթվենք, բարձրացնենք մեր աշխատանքի որակը և արդյունավետությունը և անմնացորդ նվիրվենք մեր գործին»: (ԱԺ-ում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս, 2017թ. հունիս)
  • «Մեր քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր պետությունն իրեն տեր է կանգնում։ Այս համատեքստում խիստ կարևոր է համայնքային իշխանությունների ճիշտ աշխատանքը, որովհետև կառավարությունն ինչքան էլ լավ նախագծեր պլանավորի, միևնույն է, մեր քաղաքացին առաջին հերթին պետության և իշխանության մասին կարծիք է կազմում համայնքային իշխանությունների հետ շփման ժամանակ»։ (Լոռու մարզում խորհրդակցության ժամանակ, 2017թ. հուլիս)
  •  «Պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչո՞ւ ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, և ինքներս մեզ «թասիբի գցենք»: Համոզված եմ, որ այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում ազատ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմանները ունենք դրա համար» («Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ելույթ, 2017թ. սեպտեմբեր):
  •  «Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասում որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասում չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել»: (Մեդիամաքսին տված հարցազրույց, 2017թ. նոյեմբեր)
  • Թավշյա հեղափոխության տնտեսական հիմքը. հրաժարակա՞ն են ուզում, թե՞ սոցիալական արդարություն
  •  «Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը: Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր: (Նոր տարվա ուղերձից, 2017թ. դեկտեմբեր)
  •  «Հայաստանը թռիչքային աճ ապահովելու բացառիկ հնարավորություն ունի: 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի կայուն, երկարատև աճը: Մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել: Վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել»։ (Լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ելույթից, 2018թ. մարտ)
  •  «Հստակ հասկանում ենք, որ ունենալու ենք լավ, տրամաբանական զարգացող և արդար երկիր: Թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետևում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել»։ (ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպում, 2018թ. մարտ)
  • «Դուք եք այն ուժը, որը պարտականություն ունի ոչ միայն հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները բարձրաձայնելու, այլ նաև հայրենասեր և իր երկրի ապագայի համար անհանգիստ քաղաքացու կերպարի ձևավորման գործում, քանի որ ի վերջո ամեն ինչի հիմքում կայծն աչքերում մարդն է: Քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության, քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ դուք էլ եք պատասխանատու մեր երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում՝ մի միջավայր, որտեղ մենք կլսենք և կընկալենք դիմացինի կարծիքը, անգամ եթե համաձայն չենք դրա հետ, ավելի բարի կլինենք, իրար ավելի սիրով և հարգանքով կվերաբերվենք: Նման հանդուրժող միջավայր ձևավորելը բոլորիս պարտքն է»։ (Մամուլի ազատության համաշխարհային օրվա շնորհավորանք, 2018թ. ապրիլ)