Պուտինը և Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում` Հայաստանում տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները քննարկել են Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը։ Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա հետ կապված։

Քիմ Քարդաշյան VS Նիկոլ Փաշինյան. ո՞վ է աշխարհում ավելի լավ գովազդում Հայաստանը

«Զրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանում տիրող իրավիճակը», – նշված է հաղորդագրության մեջ։

Պետության ղեկավարները քննարկել են նաև առաջիկա հանդիպումների գրաֆիկը, այդ թվում` ընթացիկ տարվա մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին նախապատրաստվելու ընթացքը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։ Վարչապետի նոր ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 8-ին։