Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականները

Այսօր կառավարությունը ներկա կազմով վերջին նիստն է գումարել։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ենթականերին` համատեղ աշխատանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Կարեն Կարապետյանի կառավարությունն այսօր վերջին նիստն է գումարել։

Կարեն Կարապետյանը քաղաքական ուժերին կոչ է անում նստել մեկ սեղանի շուրջ

«Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում»,– վարչապետի պաշտոնակատարի խոսքերն է փոխանցում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Կարեն Կարապետյանը նաև վերջին հանձնարարականն է տվել կառավարության անդամներին` բարեխղճորեն կատարել պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: «Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար, թե անարդար քննադատությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված հարցերին` Կարապետյանն ասել է, որ սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ հարցերն օրակարգում չեն ընդգրկել, որպեսզի հնարավորություն տան հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե՞ ոչ։