Փաշինյանը լավ առաջնորդ է, բայց շատ ավելի թույլ է, քան նախորդ ընդդիմության առաջնորդները

Աշոտյանը նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը շատ խելացի է, բայց մենք ստիպված ենք կատարել ընտրություն, որը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող է դառնալ «Հայաստանի ավարտի սկիզբը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, ՀՀ վերջին վարչապետը լինի: Այս մասին ԱԺ-ում ընթացող քննարկումների ու հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Արամ Սարգսյանը հորդորում է կոճակը սեղմելուց առաջ մտածել երկրի մասին

«Նիկոլը իր անունը գրել է հայոց պատմության մեջ, ոսկե տառերով է գրել, չեմ ուզում փոխվի»,- ասաց նա: 

Աշոտյանը նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը շատ խելացի է, բայց մենք ստիպված ենք կատարել ընտրություն, որը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող է դառնալ «Հայաստանի ավարտի սկիզբը»:

«Նիկոլ Փաշինյանի ելույթը դիմադրողական էր, արժանապատիվ, բայց բավարարող չէր ու համարժեք այն խնդիրներին, որոնք կան Հայաստանում՝ անվտանգություն, կոռուպցիա, միգրացիա, աղքատություն»,- հավելեց Աշոտյանը:

Նիկոլ Փաշինյանը, Աշոտյանի խոսքով, լավ առաջնորդ է, բայց շատ ավելի թույլ է, քան նրան նախորդած ընդդիմության առաջնորդները՝ Լևոն Տեր Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք զիջելու հայրենիք չունենք։ Խնդիրը Նիկոլ փաշինյանը չէ»,- ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ նիստում հերթագրված բոլոր ելույթներից հետո հանդես կգան բոլոր խմբակցություններին ղեկավարները և կհայտարարեն, թե ինչպես է քվեարկելու իրենց քաղաքական ուժը։

Այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։