ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել է օգնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, բայց իշխանության համակարգն արդեն հնարավոր չէ փրկել, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նշենք, որ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանել էր Հայաստանում ստեղծված իրավիճակը։
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ` սա լիովին այլ ծայրահեղություն է»,- ասել էր նա։
«Քանի որ Հայաստանում իրավիճակը փոխվում է ամեն ժամ, կարծում եմ` Քոչարյանի գնահատականներն ուշացել են։ Նա փորձում է ամրապնդել Կարեն Կարապետյանի դիրքերը, և հասկանալի է, որ կտրականապես դեմ է Նիկոլ Փաշինյանին», — ասաց Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով` Փաշինյանի իշխանության գալը մտահոգում է ՀՀ երկրորդ նախագահին, քանի որ նա տարբեր թելերով կապված է Սերժ Սարգսյանի հետ։
Ըստ Բոզոյանի` Քոչարյանը ոչ թե ուզում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, այլ պարզապես փորձում է մեսիջ ուղարկել կառավարման խարխլված համակարգին, որպեսզի Փաշինյանը չկարողանա ամբողջությամբ փոխել իշխանությանը։
«Սակայն ես կարծում եմ, որ այդ ջանքերն ուշացած են, քանի որ համակարգը լիովին վարկաբեկված է և հնարավոր չէ վերականգնել, Քոչարյանն օբյեկտիվ իրականությանը չի տիրապետում», — ասաց Բոզոյանը։
Քաղաքագետի կարծիքով` բոլորը, այդ թվում Քոչարյանը, մտավախություն ունեն, որ Փաշինյանի իշխանության գալով կփոխվեն բիզնես-գործունեության կանոնները։ Իսկ Հայաստանում հասարակությունը դժգոհ է, որ օլիգարխիան ներխուժել է պետական կառույցներ և մյուսներին թույլ չի տալիս ազատ բիզնես վարել։
Քոչարյանը, քաղաքագետի կարծիքով, երկար ժամանակ լռում է` հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանը կկարողանա գլուխ հանել իրավիճակից, բայց դա տեղի չունեցավ։
Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածուի ընտրության հարցը կքննարկվի վաղը ԱԺ հատուկ նիստում։ Վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։
Նոր Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավար է դառնում վարչապետը։ Նրան ընտրում է խորհրդարանը։ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, բայց իր թեկնածուին կուսակցությունը չի առաջադրել։
Եթե վաղը վարչապետ չընտրվի, երկրորդ անգամ է քվեարկություն լինելու։ Եթե կրկին արդյունք չգրանցվի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են նշանակվելու։