Մայիսյան տոներին Հայաստան եկող ռուսաստանցիների թիվը կնվազի. ի՞նչն է վախեցրել զբոսաշրջիկին

Ռուսաստանի քաղաքացիները չեղարկել են մայիսյան տոների համար ամրագրած հայաստանյան տուրերի մասը։ Անհանգստության պատճառ է դարձել Հայաստանում տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուսաստանցի ճանապարհորդները չեղարկել են մայիսյան տոների համար նախատեսած հայաստանյան ուղևորությունները երկրի բարդ ներքաղակական իրավիճակի ու փողոցում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ԱՏՈՐ)։

Բայց տուրօպերատորները պարզաբանեցին, որ խոսքը վերաբերում է ամրագրումների 10-15%-ն։

«Թավշյա հեղափոխության» հետևանքները, ո՞ր ապրանքների սպառումն է ավելացել, ովքե՞ր են տուժել

«Այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, բնորոշ է ժողովրդավարական բոլոր հասարակություններին։ Պետք չէ վախենալ. Հայաստանում միշտ բոլորը ջերմ են վերաբերվում հյուրերին», — ասաց Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը` Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում մեկնաբանելով այդ լուրը։

Զբոսաշրջությունը շատ զգայուն է երկրում ընթացող իրադարձությունների հարցում։ Ապրեսյանի խոսքով` Հայաստանում տեղի ունեցող ակցիաները չեն կարող չազդել զբոսաշրջիկների որոշման վրա։

Սակայն նա ընդգծեց, որ Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում ընթացող բողոքի ակցիաները խաղաղ բնույթ ունեն, բողոքի շարժման ընթացքում ոչ մի զբոսաշրջիկ չի բողոքել կամ չի տուժել։

Մայիսյան տոներ

Ակնկալվում էր, որ մայիսյան տոներին զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի Ռուսաստանից։ Հայկական տուրօպերատորներն ու հյուրանոցները պատրաստվում էին դիմավորել ռուսաստանցի հյուրերին, բայց բողոքի ակցիաների պատճառով ուղևորությունները հետաձգվել են կամ չեղարկվել։

«Մենք կսխալվենք, եթե ասենք, որ զբոսաշրջիկները չեն անհանգստանում։ Մտավախություններ կան, ուղևորությունները չեղարկվում են։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կմտածի` արժի՞ գնալ մի երկիր, որտեղ հանրահավաքներ են ընթանում», — ասաց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահը։

Ի՞նչ է սպառնում Երևանի դպրոցականներին. հեղափոխությունից բացի, սովորել է պետք

Տուրօպերատորները, զբոսաշրջային ոլորտի մասնավոր սեկտորի ներկայացուցիչները դիմել են ՀՀ զբոսաշրջության կոմիտե ու հարցրել` ինչ անեն այս իրավիճակում։ Գերատեսչությունում ժողով են կազմակերպել այդ ոլորտի ներկայացուցիչների համար ու եզրահանգել են, որ պետք է ադեկվատ արձագանքել ուղևորությունների չեղարկմանը։

Ապրեսյանի խոսքով` որոշվել է չտուգանել զբոսաշրջիկներին ճանապարհորդությունները հասկանալի պատճառներով չեղարկելու համար։

Զբոսաշրջիկներ

Նշենք նաև, որ զբոսաշրջիկները հաճախ սկզբունքորեն չեն հրաժարվում հայաստանյան այցելությունից։ Նախ` նրանք գումար են ծախսել ու չեն ուզում ոչ մի կոպեկ կորցնել։ Հետո էլ շատերի համար հետաքրքիր է հայտնվել իրադարձությունների կիզակետում։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ռուսաստանցի զբոսաշրջիկ Նատալյան պատմեց, որ ինքը եկել էր Հայաստանում հանգստանալու հենց այն օրերին, երբ հազարավոր ակտիվիստներ դուրս էին եկել փողոց։

Ինչպես ցուցարարները «թաղեցին» Երևանից ԱՄՆ մեկնող ուղևորի 1200 դոլարանոց տոմսը

Նրա խոսքով` վախենալու ոչինչ չկար, պարզապես երթուղին փոխվեց։

«Մենք որոշեցինք մի քանի օր Սևանում անցկացնել, զբոսնում էինք լճի ափին, տեղանքն ուսումնասիրում։ Նույնիսկ երբ ճանապարհներն էին փակել, ուրիշ տեղ գնացինք։ Ես լուսանկարիչ եմ և ռիսկ սիրող մարդ եմ։ Մենք ամուսնուս հետ Երևան վերադարձանք ու, չնայած ամեն ինչին, հանգիստ զբոսնում էինք», — նշեց ճանապարհորդը։

Նատալյան ասաց, որ նույնիսկ այդ պայմաններում հաջողացրել է երկու ֆոտոսեսիա անցկացնել։ Նրան զարմացրել է ցույցերին մասնակցող երիտասարդների ու երեխաների թիվը։

Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով` 2017 թվականին 368 հազար ռուսաստանցի է Հայաստան այցելել, ինչը 27,8% —ով գերազանցում է 2016 թվականի տվյալները։ Միաժամանակ զբոսաշրջիկները հոսքն ավելի քան 90 հազարի է հասել։

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո, որը կազմակերպել էր «Իմ քայլը» նախաձեռնությունը, ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը, որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։

Դրանից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը` ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է պայքարել իշխող ՀՀԿ–ի դեմ, որպեսզի նրանք վարչապետի պաշտոնում առաջ չմղեն իրենց թեկնածուին։