Ո՞ւմ կդատեն Սևանին հատկացրած գումարները յուրացնելու համար. քրեական գործ հարուցվեց

«Սևան» ազգային պարկի ղեկավարության նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Խոշոր չափերի չարաշահումների փաստերը տրամադրել է Վերահսկիչ պալատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը «Սևան ազգային պարկի» ղեկավարության նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն` պաշտոնատար անձինք պաշտոնեական կեղծիք են թույլ տվել թերի իրականացված աշխատանքները ընդունելով որպես լիարժեք, ինչով էական վնաս են պատճառել պետության գույքային շահերին, ստորագրել և հաստատել են ակնհայտ կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր, հանձնման-ընդունման արձանագրություններ:

Ողջույն տիեզերքից. Սևանա լիճը` ռուս տիեզերագնացի դիտակետից

Քրեական գործը հարուցվել է ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտած փաստերի հիման վրա։ Թե կոնկրետ ինչ փաստերի մասին է խոսքը, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում, չեն հրապարակվում նաև պաշտոնյաների անունները։

Մամուլի հրապարակումների համաձայն` Վերահսկիչ պալատը «Սևան» ԱՊ-ում կատարած ստուգումների արդյունքում մեծ չափերի հասնող չարաշահումներ էր հայտնաբերել։

Ազգային պարկը տնկիներ գնելու պայմանագրեր է կազմել, բայց իրականում դրանք ձեռք չի բերել: Ընդ որում, պայմանագրերը կնքել է ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ փոխկապակցված անձի ընկերության հետ:

Բացի այդ, Գուլանյանը ներդրումներ անելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից մի քանի հարյուր միլիոն դրամ է ստացել, որով միայն մի պարիսպ է կառուցել։ Եվ սա դեռ ամբողջը չէ։

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։