Դիմակավորված անձանց կողմից ցուցարարների վրա հարձակվելու համար քրգործ է հարուցվել

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ընդունվել է վարույթ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի մարտավարությունը. քաղտեխնոլոգ

2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք  հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք  քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔԳՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները,  ենթադրյալ հանցագործություն կատարած  անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: