Սուպերմոդելը Սևանում, կամ ինչպես հայ քանդակագործի աշխատանքները հայտնվեցին Vogue-ում

Շատերն են տեսել հզոր կազմվածքով կնոջ հուշարձանը Երևան-Սևան մայրուղում, բայց, որ 1975թ.-ին այն հայտնվել է հեղինակավոր Vogue-ում, ընդ որում ամերիկացի սուպերմոդել Ջերի Հոլի հետ, քչերը գիտեն...
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

«Մայր Հայաստան», Կոմիտասի, Սայաթ Նովայի հուշարձան, «Սարդարապատ» հուշահամալիր… Դժվար է գտնել հայի, որը ծանոթ չէ հայտնի մոնումենտալիստ քանդակագործ Արա Հարությունյանի աշխատանքների հետ։ Սակայն քչերը գիտեն, որ նրա ստեղծագործությունները չորս տասնամյակ ընդմիջումով հայտնվել են նշանավոր Vogue-ի էջերին, այն էլ այնպիսի սուպերմոդելների հետ, ինչպիսիք են Ջերի Հոլը և Քիմ Քարդաշյանը։

1975-ն էր, երբ առաջին անգամ խմբագրությունը հերթական համարը որոշել է նվիրել ԽՍՀՄ-ին։

Գրիգորյանի և Մուրվանիձեի եզակի ընկերությունը. ինչ է խնդրել հայ տենորը վրացի քանդակագործից

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, պարբերականի համար Vogue-ի առաջատար մոդել և աշխարհահռչակ ռոք երաժիշտ Միք Ջագերի քաղաքացիական կինը` Ջերի Հոլը, մի շարք ֆոտոսեսիաներ է անցկացրել նախկին ԽՍՀՄ տարածքում, այդ թվում` Կարմիր հրապարակում։ Նրան լուսանկարել է լեգենդար բրիտանացի լուսանկարիչ Նորման Պարքինսոնը։

«Հայաստանում եղած ժամանակ նկարահանող խումբը մեկնել է Սևան, որտեղ Ջերին նկարվել է լողազգեստով։ Այնտեղ Պարքինսոնը տեսել է ականավոր նկարիչ ու քանդակագործ Հարությունյանի «Արշալույս» մոնումենտալ գործը», — պատմեց է նա։

Հենց այդպես են հայտնվել հիանալի լուսանկարները, որոնցում ամերիկացի գեղեցկուհի Ջերին լողազգեստով կեցվածք է ընդունում «Արշալույսի» պատվանդանին։

Արմենը հավելեց, որ 1963թ-ին ալյումինից պատրաստված չորսմետրանոց հուշարձանն ի սկզբանե դրվել է Երևանում` ՎԴՆԽ-ի (Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդես, այժմ չի գործում) դիմաց, ավելի ուշ այն տեղափոխել են Երևան-Սևան մայրուղի։

1 / 2
Ջերի Հոլը՝ «Արշալույս» հուշարձանի մոտ նկարվելիս
2 / 2
Ջերի Հոլը՝ Սևանում

«Ահա այսպիսի հետաքրքիր ձևով է Vogue-ն իր էջերում ներկայացրել Հայաստանը», — նշեց նա։

Ի դեպ, ավելի ուշ Ռուսաստանում՝ ամսագրի 25-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ, հենց այդ լուսանկարն է հայտնվել թե՛ ամսագրի համարում, թե՛ կայքում` որպես լավագույններից մեկը։

Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անվանեց ու հեռացավ․ Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

Հետաքրքիր է՝ 40 տարի անց լեգենդար պարբերականում հայտնվում է Արա Հարությունյանի ևս մեկ ստեղծագործություն, այս անգամ՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը։

«Դա տեղի է ունեցել 2015թ-ին, երբ Քարդաշյան ընտանիքը եկել էր պատմական հայրենիք։ Երևանում Քիմը նկարվել է հուշարձանի մոտ հատուկ Vogue-ի ֆոտոսեսիայի համար։ Այսպիսով, քանդակագործի աշխատանքը ևս մեկ անգամ զարդարել է հայտնի ամսագիրը», — նշեց արվեստաբանը։

Հիշեցնենք, որ տվյալ պահին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ընթանում է «Մոնումենտալ երևակայում» ցուցահանդեսը` նվիրված ականավոր հայ և խորհրդային քանդակագործ Արա Հարությունյանի 90-ամյակին, որն իրենից հետո հսկայական ժառանգություն է թողել։ Ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 10-ը։