Մաշտոց–Թումանյան խաչմերուկում անկարգությունների մասնակիցներից մեկը ձերբակալվել է

Նախաքննական մարմինը պարզել է ապրիլի 17-ի երեկոյան Երևանի կենտրոնում անկարգությունների մասնակիցներից մեկի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ապրիլի 17-ի երեկոյան Երևանի կենտրոնում անկարգությունների մասնակիցներից մեկի ինքնությունը հայտնի է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նա Երևանի բնակիչ է։

Ոստիկանության հորդորը լրագրողներին

«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ 2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս»,– ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու համար նախաքննական մարմինը հարցաքննում է տարբեր անձանց, զննության ենթարկվում կատարված տեսագրությունները։

Իսկ արդեն հայտնաբերված անձը ձերբակալվել է։