ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի հասարակության մեջ դժգոհություններն ավելի սուր են, ավելի շատ են, որովհետև նրանց կենսամակարդակը դեռ բավարար չէ։ Սակայն իշխանություններից դժգոհություններ կան բոլոր հասարակություններում: «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով այս օրերին իր վարչապետության դեմ ուղղված բողոքի ակցիաներին՝ ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Հասարակություններում՝ ոչ միայն հայկական, դժգոհությունները միշտ էլ առկա են: Մեր երկրի նման երկրներում շատ հաճախ այդ դժգոհություններն ավելի սուր են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց գոնե միջին ցանկությունները: Սակայն այստեղ խնդիրը դժգոհությունների մեջ չէ և ոչ էլ բողոքների մեջ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա հավաստիացմամբ՝ տարիների ընթացքում իշխանությունը ընդլայնել է քաղաքացիների՝ իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտելու հնարավորությունները, և տարիներ շարունակ Հայաստանում մարդկանց համար արգելքներ չկան որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհի, արտահայտելու իրենց դժգոհությունը:
Բայց ըստ վարչապետի՝ խնդիրն այն է, որ այդ դժգոհությունները կամ բողոքները երբեմն արտահայտվում են օրենքին ոչ ամապատասխան ձևով:
«Երբ դրանք համապատասխանում են օրենքին, մենք որևէ խնդիր չենք ունենում՝ հասկանալով, որ իրենց բողոքի արտահայտման ձևը պետք է ինչ-որ չափով սահմանափակի այլ քաղաքացիների ազատություններն ու իրավունքները: Բայց կա սահման, որը չպետք է անցնեն: Սա է խնդիրը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը նկատել է, որ և՛ իրավապահ մարմինները, և՛ իշխանությունները, և՛ այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում բողոքի ակցիաներին, ինչ-որ կերպ, իրենց մի քիչ նեղելով համակերպվում են այդ սահմանափակումների հետ: Բայց երբ մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար հոգի անցնում են խաղաղ ցույցի շեմն ու սկսում անհամաչափ ձևով խախտել ուրիշների իրավունքները, այդ ժամանակ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելու համար, թե ինչու աշխատող մարդը պետք է գործից ուշանա 3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել:
Անդրադառնալով նրան, թե որքան երկար կարող է շարունակվել այս իրավիճակը, վարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդն իմաստուն է և այսպիսի պարագաներում միշտ ճիշտ որոշումներ է կայացնում:
«Տեսնում ենք, թե այս ցույցերի ընթացքում իրավապահ մարմինները որքան զուսպ էին: Չէի ցանկանա, որ այդ անհամաչաությունն այնքան խախտվեր, որ իրավապահներն արդեն ստիպված լինեին հարկադրանքի միջոցներ կիրառել: Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողություն»,- նշել է վարչապետ Սարգսյանը:
Նա վստահ է, որ բոլոր այս հանրահավաքների ու բողոքի ակցիաների նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է: