Կարեն Շահնազարով. երազում եմ մեկնել Արցախ

Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր Կարեն Շահնազարովը պատմել է հայկական արմատների և Երևանում սիրելի վայրի մասին։
Sputnik

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Ասում են, որ Կարեն Գեորգիևիչը չի սիրում հանդիպել լրագրողների հետ իր աշխատասենյակում, դրա համար «Մոսֆիլմ» կինոստուդիայում կան շատ ուրիշ տարածքներ։ Սակայն նա բացառություն է արել Sputnik Արմենիայի թղթակցի համար։

Արցախից Բաքու

– Կարեն Գեորգիևիչ, դուք պատկանում եք Մելիք–Շահնազարով հին իշխանական արցախյան տոհմի՞ն։

Հայկական կինոն այլևս նախկինը չի լինի. ինչպե՞ս կփոխվի երկրի կինոարտադրությունը

– Այո, հորական կողմից պատկանում եմ հին արցախյան տոհմին։ Մեր նախնիները կապ են ունեցել Արցախի հիմնադրման հետ, իսկ ավելի ուշ, երբ մարզը մտել է Ռուսական կայսրության կազմ, արդեն ծառայել են ռուսական բանակում։ Պահպանվել են բազմաթիվ հին փաստաթղթեր, որոնց շարքում նախնիներիցս մեկի` շտաբս–կապիտան Շահնազարովի ուղերձն է կայսրին, որում նա խնդրել է հաստատել մեր կալվածքները տոհմական օրրանում` Շուշիում։ Ի դեպ, այդ փաստաթուղթը երկլեզու է` պարսկերենով և ռուսերենով, քանի որ Արցախը որոշ ժամանակ եղել է Պարսից թագավորության կազմում։

Մեր տոհմը շատ մեծ է, ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ մարդկանց, որոնք ասում են, որ մենք ազգականներ ենք։ Ամենայն հավանականությամբ, դա այդպես է, բայց շտաբս–կապիտան Շահնազարովի ուղերձը կայսրին, որը փոխանցվում է ավագ որդիների գծով, խոսում է այն մասին, որ հենց մենք ենք Մելիք–Շահնազարովների անմիջական հետնորդները։ Եվ ես այդ փաստաթուղթը նույնպես կհանձնեմ որդուս։

–Բայց դուք ինքներդ Արցախում այդպես էլ չեք եղել։ Չե՞ք ուզում մեկնել նախնիների հայրենիք։

– Շատ եմ ուզում։ Մի անգամ կրտսեր որդուս հետ եղել եմ Երևանում, ինչ-որ ֆիլմ էի ներկայացնում, և ինձ առաջարկեցին գնալ Արցախ։ Մենք արդեն հավաքվել էինք, բայց չգիտես ինչու ստիպված էի շտապ հետ գալ, և մենք այդ գաղափարը հետաձգեցինք անորոշ ժամկետով։ Եթե կրկին կանչեն, և ես ազատ ժամանակ ունենամ, անպայման կմեկնեմ Արցախ։

Իսկ առայժմ Արցախը պատկերացնում եմ միայն հորս պատմելով։ Նա, ի դեպ, հիշում էր Շուշիում մեր տունը։ Երբ հայրս փոքր է եղել, տեսել է տան ավերակները, կալվածքն ավերվել էր անցած դարի սկզբին Բաքվի իրադարձությունների ժամանակ։

– Իսկ դուք չե՞ք ցանկացել ֆիլմ նկարել Հայաստանի մասին։

Հայոց ցեղասպանությունը փաստ է. Դին Քեյնը կոչ է արել Իսրայելին իրերն իրենց անունով կոչել

– Եթե ինչ–որ թեմա լիներ, որն ինձ հոգեհարազատ լիներ, անպայման կնկարեի։ Բայց չեմ կարող ասել, որ ես ընդգրկված եմ այդ իրականության մեջ։ Հատկապես` Հայաստանի կյանքում։ Մենք բուն Հայաստանում երբեք ազգականներ չենք ունեցել։ Շահնազարովները պատկանում են Բաքվի հայերին, իսկ նրանք շատ յուրահատուկ են և ավելի ռուսաֆիկացված այն պատճառով, որ Բաքուն միջազգային քաղաք է եղել։

Նախապապս պատկանել է բուրժուազիայի վերնախավին, եղել է Նոբելի կառավարիչը, նավթային աշտարակների տեր։ Ճիշտ է` հեղափոխությունից հետո բավական աղքատ են ապրել, թեև պապիկս իրավաբան է եղել։

Հայրս Բաքվից մեկնել է ռազմաճակատ։ Ուզում եմ նշել, որ ծագումն ընդհանրապես չի ազդել իմ ազգականների վրա, ոչ ոք բռնաճնշման չի ենթարկվել, հայրս 1944թ–ին ռազմաճակատում մտել է կոմունիստական կուսակցություն, իսկ ավելի ուշ լավ կարիերա է ստեղծել։

– Դուք ինքներդ ի՞նչ եք ձեզ զգում` հա՞յ, թե՞ ռուս։

– Ես գնահատում եմ իմ արմատները` որպես մշակույթի մաս, որին պատկանում եմ, բայց ինձ համարում եմ ռուս կինոռեժիսոր։

– Հայաստանում լինո՞ւմ եք։ Կա՞ն արդյոք սիրելի վայրեր Երևանում կամ երկրի այլ անկյուններում։

Այս մարդիկ գերեզմաններ չունեն. խաչքար Ամստերդամում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

– Այո, պարբերաբար լինում եմ, թեև վերջին անգամ մեկնել եմ երեք տարի առաջ։ Երևանում իմ սիրելի տեղը ջազ ակումբն է (խորհրդավոր ծիծաղում է)։ Այնտեղ ելույթ են ունենում հիանալի երաժիշտներ, հավաքվում են իմ ընկերները, սիրում եմ գնալ այնտեղ։

Ինձ ընդհանրապես շատ է դուր գալիս Երևանը, այնտեղ յուրահատուկ մթնոլորտ է, գողտրիկ սրճարաններ։ Հայաստանը գեղեցիկ, շատ հետաքրքիր երկիր է։ Իսկ հայերը հումորի հիանալի զգացում ունեն։ Գիտեք` ես նկատել եմ, որ Հայաստանում սկսել են շատ լավ գինիներ պատրաստել։ Խորհրդային շրջանում նման բան չի եղել։ Հիմա ես հաճույքով եմ փորձում հայկական չոր կարմիր գինու տարբեր տեսակները։ Դրանք հենց իմ ճաշակով են։

Ցեղասպանության թեման մինչև վերջ բացահայտված չէ

– Երկու տարի առաջ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Դուք ասել էիք, որ հայկական կինեմատոգրաֆի ապագան Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի մեջ է։ Ինչու՞ նման նախագծեր այդքան հաճախ չեն հայտնվում։

– Դա կախված չէ մեզանից։ Այո, ես գտնում եմ, որ Հայաստանում շուկան շատ փոքր է` կինեմատոգրաֆը զարգացնելու համար։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի կապերը, այստեղի մեծ սփյուռքը, հայերի ու ռուսների մշակութային կապը, ռուսական շուկան շատ օգտակար կլիներ հայկական կինեմատոգրաֆի համար։

Ի դեպ, մեզ մոտ աշխատելու են գալիս հայեր, մենք նրանց օգնում ենք, ինչով կարողանում ենք, բայց համատեղ նախագծեր չկան։ Նախաձեռնությունը պետք է բխի հենց հայերից` Հայաստանի քաղաքացիներից, իսկ մենք պատրաստ ենք դիտարկել նման նախագծերը և մասնակցել դրանց։ Հասկանալի է, որ դրանք կարող են զուտ ազգային լինել, բայց պետք է հետաքրքիր լինեն ռուս հանդիսատեսի համար, որպեսզի կարելի լիներ աշխատանքները թողարկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Ինձ թվում է, որ հայկական կինեմատոգրաֆի համար դա լավ ուղի է, ճիշտ ուղղություն։

Սարիկ Անդրեասյան. ֆիլմ` սիրտ ունեցողների համար

– Մոտենում է հերթական ողբերգական ամսաթիվը` Հայոց ցեղասպանության 103–րդ տարելիցը։ Ի՞նչ է այն նշանակում Ձեզ համար։

– Որպես ցանկացած նորմալ մարդ` ես կարծում եմ, որ դա հայ ժողովրդի ահռելի ողբերգությունն է։ Վերք, որը երբեք չի սպիանա, և այդ ամենի միջով անցած հայ ժողովուրդը միշտ կհիշի այդ ողբերգության մասին։ Ցեղասպանության մասին շատ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր են նկարվել։

Ի դեպ, ոչ միայն հայկական։ Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերից մեկը հիանալի իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների աշխատանքն է։ Իմ ընկերը` կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նույնպես ֆիլմ է նկարել Հայոց ցեղասպանության մասին։ Ինձ թվում է, որ այդ թեման մինչև վերջ բացահայտված չէ։

– Միգուցե հենց դա՞ է այն հայկական թեման, որով պետք է զբաղվեք։

– Հնարավոր է։ Բայց այն շատ ծանր է, իհարկե։ Այդ թեման հենց այսպես չես նկարի, դա շատ պատասխանատու թեմա է, պահանջում է մեծ նախապատրաստական աշխատանք։ Բայց ես կմտածեմ այդ ուղղությամբ։