Բողոքի ազգային առանձնահատկությունները, կամ հայաստանյան դեպքերն ուկրաինական մայդան չեն

Երևանում ընթացող ցույցերի և ուկրաինական «մայդանի» միջև զուգահեռներ տանելը կոռեկտ չէ` հայերի մոտ բողոքի ցույցերի ավանդույթը ձևավորվել է դեռ ԽՍՀՄ վերջին տարիներին։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Sputnik

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

Երևանում ապրիլի վերջը թեժ էր, և ոչ միայն ջերմաստիճանի առումով։ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը զգալիորեն աշխուժացել է, պատճառը ԱԺ-ում վարչապետի թեկնածության հաստատումն է։

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, կամ ազգն ենք փրկում, հոպար

Երկրի հիմնական օրենքում արված փոփոխությունների արդյունքում գլխավոր պետական ինստիտուտների լիազորությունները կառավարությանն են տրվել։ Այսուհետ հենց վարչապետն է դառնալու Հայաստանի քաղաքական առանցքային կերպարը։ Սակայն սահմանադրական բարեփոխումների ավարտը (իսկ նախարարների կաբինետի ղեկավարի հաստատումը` դրա վերջին գործողությունն է) ուղեկցվեց բողոքի ակցիաներով։

Առանց «կիևյան ակնոցի»

2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իշխանության ինքնաբուխ փոփոխությունից հետո հետխորհրդային տարածքի երկրներում ընդդիմության գրեթե բոլոր փողոցային ակցիաները «կիևյան ակնոցի» միջով են դիտարկվում։ Այժմ էլ ԶԼՄ-ներում և առցանց տիրույթում համեմատություններ են արվում Երևանի դեպքերի և «մայդանի» հետ։ Հավանաբար, որոշակի ցանկություն ունենալու դեպքում այդ սյուժեների միջև զուգահեռներ տանել հնարավոր է, սակայն նման «համեմատական քաղաքագիտությունը» թույլ չի տալիս տեսնել հայկական (ինչպես և ցանկացած այլ) քաղաքական օրակարգի առանձնահատկությունները։

Հասկանալի է, ցանկացած երկիր վակուումի մեջ չէ։ Այն հետաքրքրություն է ներկայացնում ինչպես իր ռազմավարական դաշնակիցների և գործընկերների, այնպես էլ հակառակորդների և մրցակիցների համար։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը փորձում են ազդեցություն ունենալ երկրի ներսում տիրող գործընթացների վրա և առավելագույնս օգուտ քաղել իրենց համար։

Սակայն ինչ շահեր էլ որ հետապնդի յուրաքանչյուրը, սոցիալական բողոքի և ճգնաժամի համար պետք է բացառիկ ներքին առանձնահատկություններ ունեցող նախադրյալներ հասունանան։ Դրանք առկա են նաև Հայաստանում։ Եվ նախքան ուկրաինական ձևաչափերով հայկական իրողությունները դիտարկելը և Երևանում «աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն» կանխատեսելը պետք է ավելի ուշադիր հետևել անդրկովկասյան հանրապետությունում առկա ներքաղաքական զարգացումներին, պարզել` ինչու են բողոքական տրամադրությունները պահանջված դարձել և որքանով են դրանք ծայրահեղ գործող իշխանության համար։

Բողոքի ակցիաները կնվազեցնեն զբոսաշրջային հոսքը. զբոսավարները մտահոգված են

Սկսենք նրանից, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնին հաստատելու դեմ ուղղված բողոքի ներկայիս ակցիաները անակնկալ չէին նրանց համար, ովքեր հետևում են Հայաստանում տիրող իրավիճակին։ Խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը («Ելք» դաշինքը) ցույցերի մասին հայտարարել էր դեռ ԱԺ-ի պատգամավորների կողմից 4-րդ նախագահին ընտրելուց առաջ, այսինքն` մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը։ Ավելին, Երևանի փողոցներում փորձեր են արվել դեռ երկուշաբթի տեղի ունեցած իրադարձություններից առաջ։

Այլ հարց է` զանգվածային ակցիաների արմատականացման փորձերը։ Դրանք սկսվեցին կառավարության ղեկավարի հաստատման գործընթացից առաջ։

Ընդհանրապես «փողոցային քաղաքականության» մասին խոսելիս հարկ է նշել, որ դեռ Կիևի մայդաններից առաջ (և՛ առաջինից, որը ճանապարհ բացեց դեպի Ուկրաինական Օլիմպոսը Վիկտոր Յուշչենկոյի համար, և՛ երկրորդից, որը ավարտվեց Վիկտոր Յանուկովիչի տապալմամբ) հայկական քաղաքականության մեջ տպավորիչ զանգվածային բողոքների մի շարք օրինակներ են եղել։ Դրանք փոխարինում էին մեկը մյուսին` սկսած ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման արշավներից։

Հայաստանի նախագահի ընտրության քարոզարշավներից ոչ մեկը չի անցել առանց դրանց արդյունքների հերքման և զանգվածային բողոքների։ Այդպես է եղել 1996, 2003, 2008 և 2013 թվականներին։ 2003 թվականին բողոքի ակցիաները կապված էին նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։

Երևանում մի շարք փողոցային ակցիաներ են իրականացվել նաև լուրջ սոցիալական խնդիրների վերաբերյալ, հիշենք թեկուզ 2015 թվականի այսպես կոչված «էլեկտրամայդանը» կամ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ուղղված ակցիաները։ 2016 թվականին Հայաստանի մայրաքաղաքը ուշադրության կենտրոնում հայտնվեց ՊՊԾ գնդի գրավման գործողություններով։ Եվ դա իրականացվեց Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյայի անմիջական տպավորությունների տակ։

Նկատենք, որ ակցիաները հաճախ հանգեցրել են բախման ցուցարարների և իրավապահների միջև, թեև այդպես միշտ չի եղել, և Երևանի ոստիկանները «փողոցային դիվանագիտության», այսինքն` վեճերի խաղաղ կարգավորման որոշակի փորձ են ձեռք բերել։

Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 մարդու. Նիկոլ Փաշինյանի որդին բաժնում չէ

Իշխանության և ընդդիմության թույլ կողմերը

Այսպիսով Երևանում որևէ նմանակում չկա և չի եղել։ Ուրույն բողոքի ավանդույթ կա, ինչպես նաև իշխանության փլուզումը թույլ չտալու ավանդույթ նույնիսկ այն դեպքերում, երբ բախումներ և արյունահեղություն է եղել։

Դրա ամենավառ օրինակը 2008 թվականի մարտի ողբերգական դեպքերն էին։ 2018 թվականի համատեքստում դրանց հիշատակումը պարզապես գեղեցիկ փոխաբերություն կամ արտահայտություն չէ։ Այսօրվա մի շարք խնդիրները այնտեղից են սերում։ Հենց այդ ժամանակ է սկսվել Սարգսյան նախագահի քաղաքական կարիերան, որը ուղեկցվում էր զանգվածային ակցիաներով, և իշխանության հետագա խուսավարումը` պառակտման խորացումը թույլ չտալու նպատակով։ Եվ այս ամենը` լեգիտիմության որոշակի դեֆիցիտի պայմաններում, որը ժամանակ առ ժամանակ լրացուցիչ ազդակ էր ստանում` լինի դա Արցախում ռազմական հակամարտության սրման ձևով կամ սակագների կտրուկ բարձրացման, ինչպես նաև տնտեսության մեջ ոչ այդքան դրական դինամիկայի։

Այսօր վարչապետի պաշտոնը Հայաստանում ամենագլխավորն է դառնում։ Եվ հենց դրա շուրջ են բորբոքվում կրքերը։ Ինչպես եղել է նաև առաջ, երբ հայկական իսթեբլիշմենթի կենտրոնական կերպարը նախագահն էր։

Ի՞նչ ուժեղ և թույլ կողմեր ունի իշխանությունն ու ընդդիմությունն այս վեճում։ Ընդդիմության պահանջների ամենախոցելի կողմը իրավական շրջանակներից դուրս գալու փորձն է։

Ավարտվել են հիմնական օրենքում կատարված փոփոխությունների մասին սահմանադրական հանրաքվեն, խորհրդարանական ընտրությունները, նախագահի առաջադրումն ու ընտրությունը։ Բոլոր այս փուլերում իշխանության ընդդիմախոսներին չի հաջողվել օրենքի շրջանակներում նրան արժանի պատասխան տալ։ Չի հաջողվել նաև նոր վառ առաջնորդների առաջադրել։ Փաստորեն վերջին տարիների բոլոր ակցիաների հիմնական «շարժիչը» շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը։ Նա է եղել 2016 թվականի ամռանն իրականացվող ակցիաների կենտրոնում, և այսօր էլ նա է փորձում զբաղեցնել գլխավոր ընդդիմադրի տիրույթը։ Ամենայն հավանականությամբ, ներկայիս ակցիաների արդյունքներով` հենց նրան է բաժին հասնելու այդ մրցանակը։

Սակայն իրավական շրջանակներից դուրս գալը չափազանց վտանգավոր է։ Բավական կանխատեսելի հետևանքներ կարող են լինել։ Հիշենք, որ Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրացումը տասը տարի առաջ տեղի ունեցավ հենց Երևանի «արյունալի շաբաթից» հետո։ Այն ժամանակ դա 1994 թվականի մայիսին կնքած անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ամենազանգվածային թեժացումն էր։ Եվ ցանկացած քաղաքական ապակայունացում Հայաստանում հղի է նման շրջադարձով։

Ինչպես և ինչու Երևանի փողոցները «նիկոլյան փակուղիների» վերածվեցին

Սակայն իշխանությունը ևս թույլ կողմեր ունի։ Նույնիսկ ընդդիմադիրներից շատերն են ընդունում արմատական փոփոխությունների անհնարինությունը, սակայն միևնույն ժամանակ խոսում են կառավարման համակարգում նոր անձանց ներգրավելու ավելի մեղմ հնարավորությունների մասին։ Այսօր առկա լեգիտիմության դեֆիցիտը չի անհետանա նաև վաղը։ Ակնհայտ է, որ փողոցային ակցիաների պահանջներին տուրք տալը վտանգավոր է, սակայն պարզ է նաև այն, որ բողոքներից դասեր է պետք քաղել, այլ ոչ թե գործել «խխունջի» սկզբունքով։

Պետք է նշել, որ իշխանությունը նման փորձ ունի։ 2005 թվականին նրան հաջողվեց կանխել ընդդիմության օրակարգը` մի շարք սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով (օրինակ` Երևանի ավագանու ընտրությունները), իսկ 2016 թվականին Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին հրավիրել, որը ոչ թե քաղաքական գործչի, այլ ուժեղ տնտեսվարողի հեղինակություն ունի։

Սակայն ինչպես էլ ավարտվի Երևանի ներկայիս բողոքը, ցանկացած հայ քաղաքական գործիչ գործ է ունենալու նույն բարդ խնդիրների հետ, որոնք երկրում առկա են` սկսած Արցախից և տարածաշրջանային մեկուսացումից, վերջացրած բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակով և արտագաղթով։

Այս խնդիրների կարգավորման հրաշագործ բաղադրատոմսեր չկան։ Ինչպես նաև չկան արագ, այժմեական լուծումներ, եթե խոսքն, իհարկե, որակյալ ռազմավարական տեսլականի մասին է։