Արձակուրդ` առանց ուղեգրի. Ռազիգրաևի հայաստանյան թոփ 7 վայրերը

Ռուս հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ ճանապարհորդ Անդրեյ Ռազիգրաևը զգացել է Հայաստանի համն ու հոտը։ Վայրերի մասին, որոնք Ռազիգրաևը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին, պատմում է գրող և լրագրող Ելենա Շուվաևա–Պետրոսյանը։
Sputnik

Հավանաբար, մեր օրերում միջազգային հարաբերություններում «մեղմ ուժ» կարելի է համարել ճանապարհորդներին, որոնք ժամանում են որևէ երկիր` ջնջելով սահմանները, կոտրելով կարծրատիպերը, պատմում են այդ երկրի մասին, իսկ նրանց հետևից գալիս են զբոսաշրջիկների խմբեր։

Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը

Վերջերս Հայաստան էր այցելել պրոֆեսիոնալ ճանապարհորդ Անդրեյ Ռազիգրաևը, որն անցել է բոլոր կլիմայական ու ժամային գոտիներով` իր անձնական գլոբուսի վրա չթողնելով բաց կետեր։

Նա եկել էր «Արձակուրդ առանց ուղեգրի» հաղորդման շրջանակում, որի խնդիրն է որոշել թոփ-7 վայրերը, որոնք զբոսաշրջիկները կարող են ներառել իրենց անձնական ուղեցույցում։ Ասում են, որ հաղորդավարը ստորագրում է իր յուրաքանչյուր բառի տակ, որովհետև բոլոր վայրերն անձամբ է այցելում` զգալով երկրի համն ու հոտը, հարմարավետությունը և նույնիսկ էքստրիմը։

«Ես գեղատեսիլ լեռնային լանդշաֆտներով և անկրկնելի հյուրընկալությամբ երկրում եմ», – այս խոսքերից է Հայաստանում իր ուղևորությունը սկսում շոումենը։ Առաջին բանը, որ նա խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին` «ժամանել Հայաստան առանց կարծրատիպերի և նախապաշարմունքների, և հենց այդ ժամանակ երկիրը լիովին կբացվի ձեր առջև, և դուք կկարողանաք զգալ նրա յուրօրինակ կոլորիտը»։ Նա շրջել է ամբողջ երկրով, որպեսզի ազնվորեն և անաչառ կերպով ներկայացնի լավագույն վայրերի «յոթնյակը»։

Այսպես, Ռազիգրաևի աղյուսակի յոթերորդ տեղում է Երևանի կենտրոնական շուկան, որը նրա և շատ զբոսաշրջիկների կարծիքով, պետք է այցելել «կամ շատ կուշտ` ավելի քիչ ուտելու համար, կամ քաղցած, որովհետև վաճառողները ձեզ լավ կկերակրեն»։ Այստեղ «ի՞նչ արժե» հարցին կարելի է հետաքրքիր պատասխան ստանալ. «Եթե ի սրտե, ապա անվճար»։ Ռազիգրաևը զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ չուչխելան Հայաստանում կոչվում է սուջուխ։ Մինչև շոումենը զբոսնել է շուկայում, նրան վայբերով զանգահարել է գործընկեր Լերա Կուդրյավցևան և խնդրել չրեր տանել։ Ռազիգրաևը Երևանի կենտրոնական շուկան անվանել է գաստրոնոմիական դրախտ, որտեղ շատ հետաքրքիր է և համեղ։ Եվ ընդհանրապես, Հայաստան պետք է գալ` վերցնելով դատարկ ճամպրուկներ, որոնք հազիվ թե դատարկ լինեն հետդարձին։

Ռազիգրաևի կարծիքով` վեցերորդ տեղում Գառնիում Արևի աստծո տաճարն է և Գեղարդի վիմափոր եկեղեցին։ Չնայած նրան, որ մի տաճարը հեթանոսական է, մյուսը` քրիստոնեական, դրանք պետք է այցելել միասին, որովհետև դրանք հեռու չեն միմյանցից և դասվում են խորհրդավոր վայրերի շարքը` իրենց սրբազան առաքելությամբ։ «Անհավատալի է, որ այդ ամենը ստեղծվել է մարդու ձեռքերով», –տպավորությունն է նկարագրել Անդրեյ Ռազիգրաևը։

Ռազիգրաևը 5–րդ տեղը տվել է Երևանին` նրա խոսքով` կոլորիտային և կենդանի քաղաքին։

«Չնայած նրան, որ Երևանը 29 տարով մեծ է Հռոմից, այստեղ ընդհանրապես նավթալինի հոտ չի գալիս։ Ես առանց ուղեգրի արձակուրդն այնքան բազմազան եմ անցկացրել, որ տպավորությունները կբավականացնեն մի քանի տարի», – ասել է հաղորդավարը։

Նա ամենաէլեգանտ փողոցն անվանել է Հյուսիսային պողոտան։ Այն արմատապես տարբերվում է սովորական և դասական Երևանից։ «Ժամանակակիցներից մեկն այն բնութագրել է որպես խաբեության և գլամուրի գլոբալիզացված կոկտեյլ», – ասել է Ռազիգրաևը` զբոսնելով Հյուսիսային պողոտայով։ Նրա վրա մեծ տպավորություն է թողել Սարյան փողոցը` իր փոքրիկ նորաճ սրճարաններով և ռեստորաններով, գինետներով։ «Հայաստանը միայն «խորոված–մորովածը» չէ», – եզրափակել է նա և խորհուրդ տվել զբոսաշրջիկներին որպես նվեր գնել նուռ` երկրի խորհրդանիշը, որը կարելի է գնել ամեն քայլափոխի հանդիպող հուշանվերների խանութներում։

Գլուխների որսորդները և կարճ հագած շիկահերը. հայ ճանապարհորդի արկածները

4–րդ տեղում աշխարհի ամենաերկար զիփլայններից մեկը`Երևանի զիփլայնն է «Արաբկիր» զբոսայգում` Դավիթաշենի կիրճի վրա։ Այն իսկապես շատ տպավորիչ է։ Մի գծի երկարությունը 870 մետր է, բարձրությունը` 120 մետր, մյուսի երկարությունը 600 մետր է, բարձրությունը` 60մ։ Երևանյան զիփլայնի յուրահատկությունն այն է, որ այն անցնում է կամրջի տակով։ Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա։ Սովորաբար` կամրջի կողքով է կամ զուգահեռ։ Նախագծի հեղինակները` Միխայիլ Յուրտաևը և Ժիրայր Մուշեղյանը, հույս ունեն, որ նման անսովոր դիրքը նրան տեղ կապահովի Գինեսի ռեկորդների գրքում. արդեն հայտ են ներկայացրել։

Երրորդ տեղը Արարատինն ու Խոր վիրապ եկեղեցունն է, որը գտնվում է լեռան ստորոտին։ Նշանակալի տեղ, որտեղից սկսվել է Հայաստանի «մկրտությունը»։ Անդրեյ Ռազիգրաևն իջել է փոսի մեջ, որտեղ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 13 տարի։ «Ես այստեղ 3 օր անգամ չէի կարող նստել», – զարմացած բացականչել է նա, իսկ Խոր Վիրապից ստացած տպավորությունը համեմատել է Իսրայելի Սուրբ հողից ստացած տպավորությանը հետ։

Երկրորդ տեղում Սևանա լիճն է` իր եկեղեցիներով ու խաչքարերով, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգության ցուցակում, լուսնաքարերով և խորտիկներով` խեցգետնով և ձկով։ Ռազիգրաևին հատկապես դուր է եկել խեցգետնից պատրաստված քաբաբը։ «Հայաստանում անվերջ կարելի է նայել երեք բանի` Արարատ լեռան տեսարանին, ինչպես է ծփում Սևանա լիճը և ինչպես է շեֆ–խոհարար Յուրա Սարգսյանը խեցգետնից քաբաբ պատրաստում», – ասել է ճանապարհորդը և վերջում բացականչել. «Տղաներ, սա անմահակա՜ն է»։

Օտարերկրացու աչքերով. Երևանի շատրվաններն ավելի գեղեցիկ են, քան Դուբայինը

Եվ ահա, վերջապես, առաջին տեղը։ Ռազիգրաևի կարծիքով` առաջին տեղում «Մեգերյան կարպետ» գորգագործության գործարանն ու մշակութային կենտրոնն է։ «Այդ գործարանի գորգերը արվեստի ստեղծագործություններ են», – նշել է շոումենը` դիտելով «Մեգերյան կարպետի» թանգարանում ամենահին գորգը, որը մոտ 400 տարեկան է։ Ռազիգրաևին հետաքրքրել է, թե ինչպես է հաջողվում պահպանել գորգի գույնը հարյուրամյակներ շարունակ։ Պատասխանը պարզ է` արտադրությունում օգտագործվում են միայն բնական ներկանյութեր` նռան կեղև, ընկույզ, որդան կարմիր, որը հանդիպում է միայն Արարատյան դաշտավայրում։ Ներկերն ամրապնդվում են հատուկ  ֆիքսատորի օգնությամբ, իսկ թե ինչից է այն բաղկացած` Մեգերյան ընտանիքի գաղտնիքն է։

Գործարանում հայտնվող զբոսաշրջիկները կարող են տեսնել ոչ միայն գորգի ստեղծման բոլոր փուլերը, այցելել թանգարան, այլ նաև ռեստորանում վայելել ազգային խոհանոցը, ինչն էլ արել է Ռազիգրաևը` լավաշ թխելու վարպետության դասընթաց անցնելով շեֆ խոհարար Արտավազդ Սարուխանյանի մոտ։ Վայելելով համեղ ընթրիքը` Անդրեյ Ռազիգրաևը նման հետևություն է արել. «Հայկական հյուրընկալությունը այն է, երբ սեղանին դնում են լրացուցիչ սպասք` անսպասելի հյուրի համար»։ Այո, կա նման բան։ Իսկ հետո նա նշել է, որ Հայաստանում «ծով չկա, բայց մի ծով հոգի կա». հենց դա է գրավում զբոսաշրջիկներին գեղատեսիլ բնությունից և հուշարձաններից բացի։

Հաղորդման վերջում ճանապարհորդը շնորհակալություն է հայտնել «Վարդանուշ տատիկ» զբոսաշրջային օպերատորին և «Պոբեդա» լոուքոսթերին` նկարահանումներին օժանդակելու համար։ «Պոբեդայի» շնորհիվ նա Գյումրու օդանավակայան է ժամանել ընդամենը 490 ռուբլով (մոտ 4000 դրամ)։

Հ. Գ. Մինչև Հայաստան այցելելն Անդրեյ Ռազիգրաևի «Արձակուրդ առանց ուղեգրի» հաղորդումը  նկարել են հարևան երկրում` Վրաստանում։ Վրաստանի մասին հաղորդումը YouTube  հավաքել է 19 հազար դիտում, իսկ Հայաստանի մասինը` 55 հազար։