Ինչու են Երևանում ձերբակալել Ուկրաինայի քաղաքացուն. պարզաբանում

Հայաստանի գլխավոր դատախազությունը Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկու (Մաքսիմ Բայդակ) նկատմամբ քրեական հետապնդման իրական հանգամանքների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հաշվի առնելով, որ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկու նկատմամբ իբր ապօրինի քրեական գործ հարուցելու, նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին առանձին իրավապաշտպանների կողմից արված հայտարարությունները կարող են տեղի ունեցածի շրջանակներում իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության նկատմամբ թյուր պատկերացումներ ձևավորել՝ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ է համարել պարզաբանել հետևյալը:

Մոսկվայում ձերբակալվել է նախկին «օրենքով գող», երեխաներ առևանգող հայազգի Բջեն

«Զվարթնոց» օդանավակայանում անձնական խուզարկությամբ Բոգդան Կալյուսկու մոտ հայտնաբերվել է իր լուսանկարներով, բայց երկու տարբեր անուններով ուկրաինական 2 տարբեր անձնագրեր. մեկը՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված 27.01.2017թ.՝ Մաքսիմ Բայդակի տվյալներով, մյուսը՝ 22.01.2018թ. տրված Բոգդան Կալյուսկու տվյալներով: Պարզվել է, որ Մաքսիմ Բայդակը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում՝ որոնք կատարվել են զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործմամբ):

Մարտի 31-ին նշված անձը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Պարզվել է նաև, որ Մաքսիմ Բայդակը մարտի 27-ին թիվ 613 չվերթով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով մուտք է գործել՝ օգտագործելով Բոգդան Կալյուսկու անվամբ տրված Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը:

Հասկանալի է, որ Հայաստան մուտք գործելիս սահմանային անցակետում նա որևէ խնդիր չի ունեցել այն պարզ պատճառով, որ Բոգդան Կալյուսկու անձի հետ կապված հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ չեն եղել:

«Թմրատեխնիկը» և ուսանողը. երևանցի երիտասարդները ձերբակալվել են թմրանյութերի համար

Այսինքն ակնհայտ է, որ առերևույթ տեղի է ունեցել անձը հաստատող ոչ օրինական, կեղծված փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում, ինչի հիմքով էլ 2018թ. մարտի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ պարզելու նպատակով: Ապրիլի 1-ին Մաքսիմ Բայդակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթերի օգտագործում) և 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

2018թ. ապրիլի 1-ին հարուցված այս քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մաքսիմ Բայդակի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով:

Անընդունելի է, և որևէ տրամաբանական բացատրություն չունի գործի իրական և ամբողջական հանգամանքներին անտեղյակության պայմաններում ասուլիսային և նմանատիպ այլ ձևաչափերով փաստերի խեղաթյուրման միջոցով «իրազեկման», իսկ իրականում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների վարկը գցելու, տեղի ունեցածին քաղաքական աստառ հաղորդելու համառ հետևողականությունը: