ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Գերմանիայում ընթացող «GRENKE Сhess Сlassic» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 35-րդ քայլում:
Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։
Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 1.5 միավոր: Առաջին տուրում նա կիսել էր միավորը գերմանացի Գեորգ Մեյերի հետ:
Շարունակվում են նաև հետևյալ պարտիաները.
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Հու Յիֆան (Չինաստան)
Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) — Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Մատիաս Բլուբաում (Գերմանիա)
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) — Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բելինում ավարտվեց Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Հայ գրոսմայստերը մրցաշարի 14 տուրերում տարել էր մեկ հաղթանակ, կրել վեց պարտություն, յոթ պարտիաներ ավարտել ոչ-ոքիով և 4,5 միավորով զբաղեցրել է վերջին տեղը։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան իրավունք է ստացել խաղալ աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։